Որևէ թեկնածու ՀՀԿ-ից այլևս չի կարող լինել ՀՀ-ում վարչապետ. թավշյա հեղափոխության առաջնորդ
Մեր շարժումն այսօր վայելում է բնակչության 90 տոկոսի ու Սփյուռքի աջակցությունը և այսօր ոչ ոք չի կարող խլել ժողովրդից այս հաղթանակը: Որևէ թեկնածու ՀՀԿ-ից այլևս չի կարող լինել ՀՀ-ում վարչապետ: Այս մասին ասուլիսում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Հանրապետական կուսակցության իշխանությունը Հայաստանում ավարտվել է: Ցանկացած փորձ վերակենդանացնել, վերածնել այդ կուսակցությունը ոչ մի բանի չի բերի»,- շեշտեց նա:
Հարցին` ինքը պատրա՞ստ է դառնալ երկրի վարչապետ կրկնեց.
«Եթե ժողովուրդը ինձ վրա դնի այդ պարտականությունը ես այն կստանձնեմ և շատ հավանական է, որ հենց այդպես էլ կլինի»,- ասաց նա, իսկ ճշտող հարցին` նման պլան ունի՞, Փաշինյանը նշեց, որ պետք է երաշխավորվի ազատ և արդար ընտրությունների անցկացումը.
«Հայաստանում քաղաքական ճգնաժամը սկսվեց այն ժամանակ, երբ մարդիկ Հայաստանում սկսեցին տոտալ ձևով չվստահել ընտրություններին, և առաջին քայլը, որ պետք է անենք, դա Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունն է: Մենք պետք է վստահ լինենք, որ ընտրությունները կանցնեն ազատ և անկախ, և դա այլևս կլինի քաղաքական գործողություն և ոչ թե այլ բան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերվում է հարցին, թե արդյոք երաշխիք ունեցել են Հանրապետականից, որ հեռանալու են, Փաշինյանը նշեց, որ ՀՀԿ-ի դարն ավարտվել է, հետևաբար միակ երաշխիքը, որ ինքն ունի, դա ժողովրդի ուժն է: Եվ ինքը Հայաստանում չի տեսնում որևէ ուժ, որ կարող է դիմադրել դրան.
«Եվ այսօր ինձ որևէ երաշխիք ՀՀԿ-ից կամ ԱԺ-ում կամ կառավարությունում գտնվող որևէ անձից պետք չէ: Այն մարդիկ, որոնք հավաքվում են Հանրապետության հրապարակում այն իրական ուժն ու իշխանությունն են և յուրաքանչյուր անձ, որ կփորձի դա հերքել, խելացի չի գտնվի»,- պատասխանեց նա:
Հաջորդ հարցը` Փաշինյանը առաջնորդել է ժողովրդին, բայց կարո՞ղ է առաջնորդել երկիրն ու կառավարությունը: Թավշյա հեղափոխության առաջնորդը դրական պատասխան տվեց. նա նշեց, որ ժամանակավոր կառավարությունը, որի մասին իրենք խոսում են, պետք է բերի ազատ և արդար ընտրությունների.
«Մեր թիմը մեծ պոտենցիալ ունի դրան հասնելու, բայց մենք պատրաստ ենք ներառել մի քանի այլ գործիչների այլ ուժերից` նկատի ունեմ քաղաքացիական հասարակությունից և այլն: Մենք բաց ենք բանակցությունների համար և եթե որևէ լավ առաջարկ ստանանք` կքննարկենք այն»,- ասաց նա` որևէ անուն չհնչեցնելով:
Հարց հնչեց նաև այն մասին, թե արդյոք Փաշինյանը շարունակելու է փողոցային պայքարը մինչև իշխանությունների հետ բանակցությունների հետ ավարտը.
«Որևէ ընդմիջում չի լինելու, մինչև մեր հեղափոխությունն իր տրամաբանական ավարտին չհասնի: Մենք տիրապետում ենք Հայաստանում իրավիճակին և քսան րոպեում կարող ենք կազմակերպել ցանկացած միջոցառում: Այնպես որ որևէ մեկը չպետք է փորձի այս հաղթանակը ժողովրդի ձեռքից տանել»: Լրագրողի հարցին, թե մտավախություն չունի, որ հնարավոր էխնդրի ուժային լուծման տարբերակ, Նիկոլ Փաշինյանը զարմացավ` ի՞նչ ուժային լուծման մասին է խոսքը, երբ երկրի 90 տոկոսն իրենց աջակցում է: Այսինքն` չկան կողմեր, որպեսզի նրանց միջև լինի ինչ-որ խնդիր: Եվ մարդկանց փողոցում պահելը պայմանավորված է ոչ թե վախով, որ բախում կլինի, այլ որպեսզի գործընթացը հասցնեն ավարտին:
Հիշեցնենք, նախօրեին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից: