Սկրիպալներին թունավորել են ՆԱՏՕ-ի երկրներում տարծված քիմիական նյութով. Լավրով
Շվեյցարացի փորձագետները պարզել են, թե ինչ քիմիական միացություն է օգտագործվել Սկրիպալներին թունավորելու ժամանակ, դա BZ նյութն է։ Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ վկայաբերելով շվեյցարական Շպից քաղաքի ռադիոլոգիական և քիմիառադիոլոգիական վերլուծության կենտրոնի տվյալները։
Լավրովի խոսքով՝ այդ կենտրոնի մասնագետները մարտի 27-ին Քիմիական զենքի կիրառումն արգելող կազմակերպությունից ստացված նմուշների հետազոտությունների հիման վրա գտել են դրանցում պարունակվող BZ նյութը։ Լավրովը ներկայացրել է շվեյցարացի քիմիկոսների եզրակացությունը։
«Նմուշների փորձաքննությունների արդյունքում հայտնաբերվել են BZ թունավոր նյութի և դրա պրեկուրսորների հետքեր, որոնք դասվում են երկրորդ կարգի քիմիական զենքի շարքը՝ ըստ քիմիական զենքն արգելելու կոնվենցիայի։ BZ-ը նյարդապարալիտիկ նյութ է, որը ժամանակավորապես շարքից հանում է մարդուն։
Հոգեմետ ազդեցություն է գործում կիրառելուց 30-60 րոպե անց և տևում մինչև չորս օր։ Այդ բանաձևերն ունեցել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ի այլ երկրները։ ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում նման քիմիական միացությունների մշակումներ չեն իրականացվել»։
Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները կտրուկ սրվել են բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած դեպքի պատճառով։ Հենց այդ քաղաքում են թունավորել Բրիտանիայի հատուկ ծառայությունների համար աշխատող ռուսական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը` Յուլյային։
Լոնդոնում պնդում են, որ Սրիպալին A234 նյարդապարալիտիկ նյութով թունավորելու գործին մասնակցել է Ռուսաստանը, մինչդեռ Ռուսաստանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը` հիշեցնելով, որ Սոլսբերիի մոտակայքում է գտնվում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության քիմիական լաբորատորիան։