Պեսկով. Պատասխան պատժամիջոցները չեն վնասի ՌԴ–ի ազգային շահերին
ՌԴ–ի կողմից ԱՄՆ–ի դեմ կիրառվող պատասխան պատժամիջոցները չեն վնասելու ազգային շահերին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ–ի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
ՌԴ Պետական Դումա է ներկայացվել ԱՄՆ-ի եւ այլ պետությունների դեմ պատասխան պատժամիջոցների մասին օրինագիծը, լրագրոներին հայտնել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
Նրա խոսքով՝ փաստաթուղթը ներկայացրել է անձամբ ինքը եւ խորհրդարանական 4 խմբակցությունների ղեկավարները՝ «Եդինայա Ռոսիայի», ՌԴ Կոմունիստական կուսակցության, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության եւ «Սպրավեդլիվայա Ռոսիայի»:
«Օրինագիծը մշակվել է որպես պատասխան միջոց Ամերիկայի Միացյալ Նահանգների մարտահրավերներին, նրա պաշտոնատար անձանց, որոնք արտահայտվել են ոչ բարեկամական եւ ոչ կառուցողական գործողություններով, պատժամիջոցների սահմանմամբ ինչպես ընդհանրապես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ նրա քաղաքացիների եւ իրավաբանական անձանց դեմ»,- հայտարարել է Վոլոդինը:
Օրինագիծը կառավարությանը լիազորում է ԱՄՆ-ի դեմ սահմանել տնտեսական եւ քաղաքական բնույթի միջոցառումներ: