25.11.2024
Կեմերովոյի փոխմարզպետը ծնկաչոք ներողություն է խնդրել հրդեհի հետեւանքով զոհերի համար
prev Նախորդ նորություն

Կեմերովոյում զոհված երեխաների թվի մասին մտածելիս ուզում եմ բարձր հեկեկալ. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովոյում խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով «Զիմնայա վիշնյա» առեւտրի կենտրոնում ողբերգական հրդեհին, որի հետեւանքով ըստ պաշտոնական տվյալների 64 մարդ է մահացել, հայտարարել է, որ զոհված երեխաների թվի մասին մտածելիս ուզում է ոչ թե լացել, այլ բարձր հեկեկալ:


Ինչպես գրում է life.ru-ն, Պուտինը հայտնել է, որ երբ խոսում են զոհված երեխաների թվի մասին, առաջին զգացողությունը, «որ ունենում եմ՝ ոչ թե լացելու, այլ բարձր հեկեկալու ցանկությունն է»: Նման հայատարարություն Պուտինն արել է Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Վլադիմիր Պուչկովի՝ հրդեհի հետևանքների վերացման աշխատանքների մասին զեկույցը լսելուց հետո:


Հրդեհի առնչությամբ Կեմերովոյում անցկացրած խորհրդակցության ժամանակ Պուտինը Պուչկովից տեղեկացել է, որ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փլատակների տակից դուրս է բերվել 58 դի: Պուչկովը հավելել է, որ ներկայում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:


«Էլ ինչ աշխատանք, մարդիկ են մահացել՝ 64 մարդ», - կարճ պատասխանել է Պուտինը:


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովոյում հանդիպել է նաեւ բնակիչների նախաձեռնող խմբի հետ, որոնք չեն հավատում «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի հրդեհի հետեւանքով զոհերի պաշտոնական տվյալներին եւ առանձին ուսումնասիրություն են անցկացնում:


Պուտինը խոստացել, որ առեւտրի կենտրոնի հրդեհի համար բոլոր մեղավորները կպատժվեն: Քաղաքացիներին, որոնց շարքում են մահացածների հարազատները, նախագահը հայտնել է, որ քննությունն իրականացվելու է մանրակրկիտ, գրում է ՏԱՍՍ-ը: «Այժմ այստեղ աշխատում է 100 մարդուց բաղկացած քննչական խումբ: Նրանց աշխատանքը ղեկավարում է Քննչական կոմիտեի պետը: Անգամ չկասկածեք, որ բոլոր մեղավորները պատժվելու են», - ասել է ՌԴ նախագահը:


Քաղաքացիների պնդմանը, թե պետք է հրաժարական տա Կեմերովո շրջանի ղեկավար Աման Տուլեեւը, Պուտինը հակադարձել է, որ չարժե այժմ մեղավորներ «նշանակել»: Նա նաեւ կոչ է արել կասկածի տակ չդնել զոհերի պաշտոնական թիվը, եւ խորհուրդ տվել չհավատալ համացանցում տարածվող չճշտված տեղեկություններն:


Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում, որտեղ մարտի 25-ին խոշոր հրդեհի հետեւանքով ըստ պաշտոնական տվյալների 64 մարդ է մահացել, հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել:


Տագնապի ազդանշանը չի աշխատել մարտի 19-ից, ու որեւէ մեկը չի զբաղվել դրա նորոգմամբ: Ինչպես հայտնում է РИА Новости-ին, այս մասին հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը:


Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Կեմերովոյում խորհրդակցության ժամանակ Բաստրիկինն ասել է մարտի 19-ից նրանց մոտ հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել, եւ ոչ ոք դրա նորոգմամբ չի զբաղվել:


Միեւնույն ժամանակ, պաշտոնյան հավելել է, որ առեւտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը հրդեհի բռնկումից հետո չի միացրել ահազանգի ծանուցման համակարգը, որը սարքին է եղել: «Մենք չենք կարող սրան խելամիտ բացատրություն տալ, սա ինչ-որ անպատրաստ մարդ է»,-շարունակել է Բաստրիկինը:


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանցագործ անփութություն է որակել Կեմերովոյի ողբերգության պատճառը: «Ի՞նչ է մեզ մոտ կատարվում, չէ՞ որ սրանք մարտական գործողություններ չեն, հանքահորում մեթանի պատահական արտանետում չէ։ Մարդիկ հանգստանալու էին եկել, երեխաներ կային։ Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին եւ այդքան մարդ կորցնում ենք ի՞նչ պատճառով։ Հանցագործ անփութության, անբարեխղճության»,- ասել է Պուտինը։


Կեմերովոյում հրդեհի հետեւանքների վերացման թեմայով խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահն անդրադարձել է ողբերգության առաջացման խնդիրներին։ Նա նշել է, որ որոշ տեղեկանքներ կարելի էր ստանալ պարզապես համապատասխան գումար վճարելով։ Պուտինը Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինին հանձնարարել է իրավական գնահատական տալ ողբերգությունը չկանխած պաշտոնատար անձանց գործողություններին։


Բաստիրկինն իր հերթին հայտնել է, որ հրդեհի պատճառների հետաքննության ընթացքում մի շարք փաստաթղթեր են առգրավվել, որոնք այս պահին ուսումնասիրվում են։ Նա նաեւ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու բարեկամներին` մեկ րոպե լռությամբ սկսելով խորհրդակցությունը։


ՌԴ ԱԻՆ վերջին տվյալների համաձայն` ողբերգության հետեւանքով մահացել է 64 մարդ։ Հրդեհը բռնկել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առեւտրի կենտրոնում՝ մարտի 25-ին, պատճառները դեռ պարզվում են։ Հիմնական վարկածները երկուսն են. կա՛մ երեխաներն են այրել խաղասենյակի պորոլոնը, կա՛մ հրդեհի պատճառ են դարձել մանկական տոնի ժամանակ վառած մոմերը։