«Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայություն անցնելու ձևի որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում, որը նախագծերիի հանրային քննարկման համար է: Ներկայացնում ենք որոշ մանրամասներ այլընտրանքային ծառայության այս տարբերակով առաջարկվող պայմաններից.
Այսպիսով՝
Ըստ պայմանագրի՝ մինչ բուն զինծառայության անցնելը մասնակիցները պետք է բուհերում ուսմանը զուգահեռ սպայական պատրաստություն անցնեն ռազմական ուսումնական հաստատություններում: Ապա լեյտենանտի կոչումով ծառայեն դասակի հրամանատարների պաշտոնում:
Նրանք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում դասընթաց են անցնելու մոտոհրաձգային, հրաձգային կամ հրետանային դասակների հրամանատարների պատրաստման ծրագրերով:
Զինվորական պատրաստությունը 2 տարի 6 ամսով է՝ բուհում ուսման 3-7 կիսամյակների ընթացքում: Մեկ օրվա դասընթացի տևողությունը չի կարող գերազանցել 7 ժամը:
Մասնակիցները կարող են նաև ծառայել բժշկական պաշտոններում: Նրանց ռազմաբժշկական պատրաստությունը Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում է անցնելու: Տևողությունը 2 տարի 6 ամիս ժամկետով է՝ ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավարի սահմանած կիսամյակների ընթացքում և օրերին:
Ուսանողներին կարող են առաջարկել 3 տարով սպայական ծառայություն՝ 260.000 դրամ աշխատավարձով: Ծառայությունը բարեհաջող ավարտելու դեպքում նա նաև ստանում է լրացուցիչ ֆինանսական բոնուս` իր ուսումնառության տարիների ուսման վարձի չափով: Ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաև նրա մագիստրոսական կրթությունը:
Պատրաստությունն ավարտվում է ՀՀ ՊՆ զորամասերում մինչև 30 օր տևողությամբ ուսումնական հավաքներով, որից հետո ավարտական քննություններ են:
Ուսման ընթացքում կուրսանտներն ապահովվում են զինվորական համազգեստով, անհրաժեշտ ուսումնական նյութերով: Տրանսպորտային ծախսերը չեն փոխհատուցվում: Դասերի օրերին ապահովվում են մեկանգամյա սննդով:
Զինպատրաստությունից ազատվում/հեռացվում են.
- սեփական կամքով,
- քաղաքացիական բուհից անկախ պատճառներից ազատվելու և հեռացվելու դեպքում,
- մեկ ուստարվա ընթացքում անկախ պատճառներից 32 ակադեմիական ժամից ավելի բացակայելու դեպքում,
- դասընթացի ավարտին 30 օր տևով հավաքին 3 օրից ավելի չմասնակցելու դեպքում,
- ՌՈւՀ ներքին կարգ ու կանոնը չպահպանելու պատճառով,
- զինդասընթացի միջանկյալ ստուգարքները, ավարտական քննությունները չհանձնելու դեպքում:
Նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2018թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում: