25.11.2024
ԱՄՆ-ում դատախազները դադարեցրել են Էրդողանի 11 թիկնապահների դեմ քրեական հետապնդումը
prev Նախորդ նորություն

Ձերբակալվել է Նադեժդա Սավչենկոն. նա ահաբեկչությո՞ւն էր պատրաստում Գերագույն ռադայում

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն ձերբակալվել է խորհրդարանի շենքում: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:


Պատգամավորը դուրս է եկել իրավապահների հետ խորհրդարանի շենքից: Նրան ծանոթացել են առաջադրած մեղադրանքների հետ: Լրատվամիջոցները հայտնում են, որ Սավչենկոյին այժմ տանում են Ուկրաինայի անվտանգության ծառայություն:


Ավելի վաղ, Ուկրաինայի Գերագույն ռադան Սավչենկոյին ձերբակալելու համաձայնություն էր տվել:


Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Սավչենկոյին կասկածում է խորհրդարանի շենքում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Գլխավոր դատախազն այս կասկածանքների հիման վրա դիմել էր ռադային՝ Սավչենկոյին քրեական պատասխանատվության կանչելու, նրան ձերբակալելու և կալանավորելու համար:


Այդ ընթացքում Սավչենկոն հաստատել է 2019թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրությունը: Պատգամավորը դրական էր պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք մտադիր է թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնում:


«Այո»,-РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Սավչենկոյի խոսքերը: Սավչենկոն նաև հավելել էր, որ դեռևս կշարունակի իրականացնել իր պարտականությունները որպես Գերագույն ռադայի պատգամավոր:


Իր նկատմամբ քրեական հետապնդում սկսելուց Սավչենկոն հայտարարել էր, որ պատրաստ է նախագահ Պյոտր Պորոշենկոյին վերադարձնել «Ուկրաինայի հերոս» աստղը:


«Եթե կարողանայի Պորոշենկոյին հանդիպել, ցանկալի է՝ փողոցում մի տեղ, ես, իհարկե, շքանշանը կվերադարձնեի: Խնդիրն այն է, որ նախագահին հանդիպելն այդքան հեշտ չէ, ու ամեն պատգամավոր չէ, որ կարող է նրա մոտ մտնել»,- ասել էր Սավչենկոն «1+1» հեռուստատեսության եթերում:


Ավելի վաղ ուկրաինական խորհրդարանի պատգամավոր, ՆԳՆ կոլեգիայի անդամ Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ Սավչենկոյին կարող են զրկել «Ուկրաինայի հերոս» կոչումից, եթե հաստատվեն նրա կողմից ռազմական հեղաշրջում կազմակերպելու կասկածները:


Ուկրաինացի նախկին օդաչու Նադեժդա Սավչենկոն Ռուսաստանում դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման՝ Դոնբասում ռուս 2 լրագրողի սպանության մեղադրանքով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2016-ի մայիսին նրան ներում էր շնորհել:


Ուկրաինա վերադառնալուց հետո Սավչենկոյին երկրի նախագահ Պորոշենկոն «Ազգային հերոսի» կոչում էր շնորհել: Սավչենկոն Գերագույն ռադայի պատգամավոր էր ընտրվել 2014 թվականին, երբ դեռ ռուսական բանտում էր: