Բրիտանական խորհուրդը դադարեցրել է իր գործունեությունը Ռուսաստանում
Բրիտանական խորհուրդը հինգշաբթի հայտնել է Ռուսաստանում աշխատանքը դադարեցնելու և բոլոր նախատեսվող միջոցառումները չեղարկելու մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Բրիտանական խորհրդին հանձնարարվել է դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում՝ ՌԴ ԱԳՆ հայտարարության համաձայն: Դրա համաձայն՝ մենք չեղարկել ենք բոլոր միջոցառումներն ու ծրագրերը: Մենք խորապես ցավում ենք այդ առնչությամբ և շնորհակալություն ենք հայտնում ձեր ըմբռնման համար»,- ասված է կազմակերպության կայքում տեղադրված հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը Լոնդոնի գործողություններին ի պատասխան երկրից արտաքսում է 23 բրիտանացի դիվանագետի։ Բացի այդ, դադարեցվում է ՌԴ-ում Բրիտանական խորհրդի գործունեությունը։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են նաև, որ Ռուսաստանը հետ է կանչում Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսություն բացելու համար տրված համաձայնությունը։
Օրերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել էր նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը:
Մեյը նաև հայտնել էր, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: