ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է պատասխան պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ ֆինանսների նախարարության հնարավոր պատժամիջոցներին Մոսկվայի պատասխանը կարող է տարբեր բնույթ կրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պատասխանը կարող է տարբեր ձևով տրվել: Մենք տեսնում ենք, որ ամերիկյան կողմի այդ բոլոր սպառնալիքներն արտահայտում են ամերիկյան վարչակազմի է՛լ ավելի անզորությունն ու անկարողությունը՝ իրականացնել մի բան, ինչը կարող էր, չեմ ուզում ասել՝ բարելավել հարաբերությունները, բայց կօգներ այլ կերպ նայել այս իրավիճակին: Նրանք ամբողջությամբ հայտնվել են սեփական պարզունակ և անարդյունավետ քայլերի գերության մեջ»,- հայտարարել է Ռյաբկովը Sputnik ռադիոկայանի եթերում:
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել են, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը խոստացել է 30 օրվա ընթացքում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել:
Հունվարի վերջին՝ ԱՄՆ-ի ֆիննախի կողմից, այսպես կոչված, «կրեմլյան ցուցակի»հրապարակումից հետո հաջորդ օրը, Մնուչինը մասնակցել է Սենատի լսումներին: Պատասխանելով նոր սանկցիաների սահմանման ժամկետների մասին հարցին՝ նա ճշգրիտ ժամկետ չի նշել եւ հայտարարել է, որ ենթադրություններ կատարելիս զգուշավոր կլինի, քանի որ անհրաժեշտ է «շատ աշխատանք կատարել»:
«Չեմ կարող ձեզ խոստանալ, որ դա կլինի մեկ ամսվա ընթացքում, բայց հավաստիացնում եմ՝ մենք դա այնքան արագ կանենք, որքան կկարողանանք, մի քանի ամսվա ընթացքում դուք կտեսնեք, իսկ գուցե եւ մեկ ամիս հետո»,- ասել է նա:
Ռուսաստանի եւ նրա ղեկավարության դեմ առավել վճռական միջոցառումներ սահմանելու պահանջներին Մնուչինը պատասխանել է. «Ակնհայտ է, որ խնդիրներ կան, որոնք պետք է լուծենք, եւ մենք դրանք լուծում ենք պատժամիջոցների միջոցով»: