24.11.2024
Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սամվել Բաբայանի դատավճիռը
prev Նախորդ նորություն

Իրանը պատրաստ է Հայաստան արտահանվող գազի ծավալներն ավելացնել. իրանցի նախարար

Իրանը պատրաստ է Հայաստան արտահանվող գազի ծավալներն ավելացնել: Այս մասին  Երևանում ընթացող հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:


Նա նշել է, որ գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման հարցում բավականին լավ բանակցություններ են տարվել և առաջիկայում էլ կլինեն բանակցություններ ՀՀ և Իրանի միջև.


«Մոտ ապագայում այդ բանակցությունների արդյունքը և լուրը հասանելի կլինի ժողովրդին»,- ասել է նա:  


Իր հերթին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հայտարարել է, որ հայ-իրանական համագործակցության զարգացմանը ոչինչ չի խանգարում: Նա նշել է, որ թեև Հայաստանի ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում, բայց երկկողմ հարաբերություններն ու բարձր մակարդակի հանդիպումները նպաստում են, որպեսզի գոյություն ունեցող խնդիրները լուծվեն: Այնպես որ հայ-իրանական համագործակցության զարգացման ճանապարհին որևէ խոչընդոտ ինքը չի տեսնում:


«2017 թվականի դեկտեմբերին Մեղրիում բացվել է ազատ տնտեսական գոտին, Իրանում գործում է «Արազ» ազատ տնտեսական գոտին և ես վստահ եմ,  որ երկու ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցությունը կլուծի  խնդիրները»,- նշել է նախարար Մանուկյանը:


Իրանական կողմի պատրաստակամության մասին վերջին շրջանում բազմաթիվ ու տարբեր մակարդակներում արվել են հայտարարություններ: Հիշեցնենք դեռ տարեսկզբին Իրանի Ազգային գազային ընկերության ղեկավար Համիդ Ռեզա Արաքին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է ակտիվացնել Հայաստանի հետ համագործակցությունը գազի մատակարարումներոի ոլորտում: Նա նշել էր, որ Հայաստանի և Իրանի միջև գազի և բարտերային պայմանագրերի կնքումից բացի, Թեհրանը նաեւ պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Երեւանի հետ գազի ոլորտում: Անդրադառնալով Իրանից Հայաստան գազի արտահանման ծավալների աճի հնարավորությանը, Համիդ Ռեզա Արաքին նշել էր, որ Իրանը կարող է մեծացնել գազի արտահանման ծավալները Հայաստան, բայց հայկական կողմը չի կարող ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան:


Մինչդեռ հայկական կողմը հայտարարում է, որ պատրաստ է գազ գնել այլ երկրներից, եթե գինը լինի մրցունակ: Մասնավորապես, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը օրերս հայտարարել էր, որ մինչ այսօր Իրանից չի եղել ավելի էժան գնով Հայաստանին գազ վաճառելու առաջարկ, քան ռուսականն է: Հայաստանն այս պահին չունի գազի գնի ավելի մրցունակ առաջարկ, քան Ռուսաստանի առաջարկն է: