25.11.2024
Վիգեն Սարգսյանը խոստացել է 2018 թ-ին բանակի վերաբերյալ նոր նախաձեռնություններով հանդես գալ
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը Մյունխենում փորձեց լցնել Բրյուսելի եւ Մոսկվայի միջեւ առկա անդունդը. Բրեմեր

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը և ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովին «Եվրասիա խումբ» հետազոտական կազմակերպության հիմնադիր-նախագահ, ամերիկացի քաղաքագետ Յան Բրեմերը կարևոր ու ողջունելի է համարում: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետն ընդգծեց, որ բոլորի համար տեսանելի ու հստակ էր՝ Հայաստանի ղեկավարի ելույթը փորձում էր լցնել Բրյուսելի եւ Մոսկվայի միջեւ առկա անդունդը:


«Փոքր, դեպի ծով ելք չունեցող երկրի համար դա իսկապես մեծ մարտահրավեր է: Նախագահ Սարգսյանը ցույց տվեց մի բան, որը հաճախ մոռացված է Բրյուսելում եւ Վաշինգտոնում. այն, որ Հարավային Կովկասի, Կենտրոնական/Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրները առճակատվում են դժվար եւ երբեմն սահմանափակ ընտրության հնարավորության՝ մեծ հարեւանների հետ իրենց հարաբերություններում: Նման պարագայում այդ երկրները պետք է գտնեն եզակի ուղիներ իրենց արտաքին հարաբերությունները պահպանելու համար»,-ընդգծեց Յան Բրեմերը:


Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության համագործակցության հարցում՝ Հայաստանի՝ որպես կամուրջ ծառայելու դերակատարությանը, Յան Բրեմերը նշեց, որ անկեղծորեն, այդ համագործակցությունն այս պահին չի տեսնում, դրա փոխարեն նա անհրաժեշտ համարեց այն, որ երկու միություններում լինի ճնշում, որպեսզի մշակվեն հստակ կանոններ տնտեսական արգելքները թեթեւացնելու համար:


«Սա, թերեւս, ավելի հրատապ հարց է ավելի փոքր անդամ երկրների համար, ինչպիսին է Հայաստանը»,-նշեց ամերիկացի քաղաքագետը:


Համաժողովի շրջանակում Յան Բրեմերը վարում էր քննարկում, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Մոլդովայի Հանրապետության վարչապետ Պավել Ֆիլիպը, Եվրամիության հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանը եւ Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:


Քաղաքագետի խոսքով՝ Մյունխենի համաժողովը կառուցողական հարթակ էր, որտեղ կարելի էր հնչեցնել տեսակետներ «եվրասիական ընդդեմ եվրոպական ինտեգրացիայի» մոդելների հեռանկարների մասին: «Ես կարծում եմ՝ եւ՛ Ռուսաստանը, եւ՛ Եվրոպան կարիք ունեն փոխադարձ հասկացվածության, եւ այս հարթակում կարեւոր էր արտահայտել հենց դա»,-ասաց Յան Բրեմերը:


Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Յան Բրեմերը նկատեց, որ միջազգային հանրությունն իսկապես պետք է նպաստի կարգավորման հիմքում ընկած հիմնական սկզբունքների իրականացմանը՝ հավատարիմ մնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությանը, որը, ըստ նրա՝ հենց ենթադրում է իրական խաղաղարար գործողություններ:


«Այսինքն՝ նպատակը ոչ թե պետք է լինի մեղադրանքներ ներկայացնելը, այլ խաղաղություն հաստատելը, որից հետո պատմական դժգոհություններին անդրադառնալը: Կարգավորման այդ հիմնական սկզբունքներն արդեն իսկ ցույց են տալիս դեպի հակամարտության կարգավորում տանող ճանապարհը: Իրական եւ կայուն հրադադար. սա պետք է լինի հիմնական առաջնահերթությունը»,-ընդգծեց Յան Բրեմերը՝ հավելելով, որ հակամարտության կարգավորման համար նաեւ առաջնահերթություն է քաղաքական համաձայնությունը Երեւանի եւ Բաքվի միջեւ այն հարցի վերաբերյալ, թե ինչպես պետք է իրականացվեն այս հիմնական կանոնները: