25.11.2024
Վրաստանի նախագահը հրաժարվել է հարգել «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակը
prev Նախորդ նորություն

Վիգեն Սարգսյանը խոստացել է 2018 թ-ին բանակի վերաբերյալ նոր նախաձեռնություններով հանդես գալ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն խոստացել է 2018 թվականին բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի շրջանակում նոր նախաձեռնություններով հանդես գալ: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել փետրվարի 25-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ:


Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մի խումբ ազատամարտիկներ այցելել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, մասնակցել Արցախյան շարժման 30-րդ և ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձերին նվիրված միջոցառմանը: Միջոցառման մեկնարկից առաջ ազատամարտիկները ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ միասին Հաղարծինի վանական համալիրում մասնակցել են Սուրբ պատարագին:


Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կազմակերպված հանդիսության ընթացքում ազատամարտիկներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խոսքում ներկայացրել է հայկական բանակի արդիականացման ծրագրի հիմնական ուղղությունները, զինված ուժերում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների ընթացքը, անդրադարձել «Ազգ-բանակ» գաղափարի ռազմավարությանը, «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մանրամասներին, դրանց նպատակներին ու ակնկալվող արդյունքներին:


Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ 2018 թվականին ևս, բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի շրջանակում, պաշտպանության նախարարությունը հանդես կգա նոր նախաձեռնություններով: Նոր ծրագրեր կիրականացվեն հատկապես սոցիալական, կրթական, ռազմարդյունաբերության ոլորտներում:


Միջոցառման ավարտին պաշտպանության նախարարը գերատեսչական պարգևներ է հանձնել մի շարք ազատամարտիկների: