Իրանի և Իսրայելի միջև հաջորդ տարի կարող է պատերազմ սկսվել. The National Interest
Իրանն ու Իսրայելը կարող են պատերազմել միմյանց դեմ արդեն հաջորդ տարի: Նման եզրակացության են եկել The National Interest-ի փորձագետները՝ վերլուծելով Մերձավոր Արևելքի այդ պետությունների գործողությունները:
Հեղինակները նշում են, որ Իրանն արդեն այսօր տարածաշրջանում ավելի մեծ ակտիվություն է ցուցաբերում: Նրա զինվորականները և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները մասնակցում են Սիրիայում պատերազմին: Իրանը նաև աջակցում է լիբանանյան «Հեզբոլլահ» կազմակերպության ջոկատներին: Պարբերականը նշում է, որ եթե Իրանն օգտագործի իր իրաքյան շիա աշխարհազորայիններին, աֆղաններին և պակիստանցիներին, ինչպես նաև իր սեփական ուժերն Իսրայելի դեմ հարձակումների համար, հնարավոր է՝ Իսրայելի և Իրանի միջև հաջորդ տարի պատերազմ սկսվի:
Իրանը և Իսրայելը փետրվարի առաջին կեսին արդեն բախում ունեցել են: Հոդվածի հեղինակները հիշեցնում են, որ իսրայելցի զինվորականներն իրենց տարածքում իրանական անօդաչու սարք են որսացել, ինչից հետո իսրայելցիներն իրանական ուժերի ուղղությամբ հարված են հասցրել: Դրան ի պատասխան սիրիական ՀՕՊ-ն իսրայելական F-16 է կործանել: Եթե իրադարձությունները զարգանան էսկալացիայի ուղղությամբ, ապա, ինչպես կարծում են պարբերականի փորձագետները, Իրանի և Իսրայելի միջև պատերազմ կարող է սկսվել արդեն 2019 թվականին:
Վերլուծաբանների կարծիքով՝ պատերազմի սկսվելու մեկ այլ պատճառ կարող են դառնալ Իրանի ներքին խնդիրները: Այդ երկրի ղեկավարությունը կարող է հակամարտության գնալ՝ երկրի ներքին խնդիրներից սեփական բնակչությանը շեղելու համար: