Մոսկվան երբեք չի կառավարել Ղարաբաղյան հակամարտությունը, բայց այն շարունակում է հակամարտությունում ամենաազդեցիկ արտաքին ուժը մնալ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կմնա «Նվազագույն» նախագիծ» Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար այնքան, մինչև դրա գլխավոր դերակատարները՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, չորոշեն վերանայել իրենց ռազմավարական առաջնահերթությունները: Այդ մասին carnegie.ru-ում գրում է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը:
Հեղինակը նշում է, որ փետրվարին լրանում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում սկսված ճգնաժամի 30 տարին, որով սկսվեց մինչ օրս շարունակվող հակամարտությունը: Հակամարտությունը մի փոքր շրջանի կարգավիճակի շուրջ վեճից վերածվել է միջպետական վիճաբանության՝ «հասնելով» համաշխարհային մայրաքաղաքներ և սոցիալական մեդիաներ:
Երեք տասնամյակի ընթացքում, այնուամենայնիվ, կա երկու հաստատուն փաստ: Մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի բուն հարցն է, որն արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ին ընդունված աննախադեպ բանաձևում: Երկրորդը նույնպես առկա է փետրվարի 20-ի բանաձևի տեքստում, որը դիմում էր Մոսկվայի գերագույն խորհրդին մարզը Խորհրդային Ադրբեջանից Խորհրդային Հայաստանին փոխանցելու հարցով: Դա հակամարտությունում Մոսկվայի հատուկ դերն է: Երեսուն տարի այդ երկիրը չցանկանալով եղել է հաշտարար՝ միաժամանակ երկու կողմերի համար անհրաժեշտ լինելով և չվայելելով նրանց վստահությունը:
Թոմաս Դե Վաալի խոսքով՝ հաշվի առնելով երկու ազգերի համար նախկին գաղութային իշխանության թվացյալ ուժը՝ ներելի է շատ հայերի ու ադրբեջանցիների պատրանքը, թե Մոսկվան կառավարում է հակամարտությունը, բայց դա այնքան էլ ներելի չէ որոշ արևմտյան վերլուծաբանների դեպքում, որոնք հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունները հավասարեցնում են իրար՝ բաց թողնելով դրանց կարևոր տարբերությունները:
Ղարաբաղյան հակամարտության կարևոր առանձնահատկությունն այն է, որ Մոսկվան կամ Մոսկվայում որոշ ուժեր վստահամբ դրա վրա փորձել են ազդել, բայց ոչ ուժի դիրքից: Հակամարտության տարիներին տարբեր ռուսական խմբեր պաշտպանել են կա՛մ հայկական, կա՛մ ադրբեջանական կողմերին, դա այդպես է նաև այսօր, երբ տարբեր խմբեր աջակցում են հակադիր կողմերի շահերին: Մինչդեռ հայերը և ադրբեջանցիներն այս երեսուն տարիներին միշտ իրենք են որոշել հակամարտության ձևը. երբ հարմար է եղել մերժել ռուսական միջամտությունը՝ նրանք այդպես էլ արել են, ինչպես, օրինակ, 1994 թվականին՝ տապալելով ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայման ծրագրերը:
Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք հակամարտության վերաբերյալ ռուսական քաղաքականությունը դարձել է շատ ավելի պահպանողական և հիմնականում ուղղված է եղել երկու կողմերի հետ հավասարապես հարաբերությունները պահպանելուն: Այդ պատճառով Մոսկվայի դիրքորոշումը հակամարտության միջազգային համատեքստում խստորեն տարբերվում է Աբխազիայում, Հարավային Օսիայում կամ Ուկրաինայում իր դիրքորոշումից: Հակամարտությունում հրադադարը պահպանելու և Բաքվի ու Երևանի հետ լավ հարաբերությունները պահպանելու Ռուսաստանի ռազմավարությունը հաղորդում է նաև հակամարտության ընդհանուր միջազգային ներգրավվածության տրամաբանությունը:
Ինչպես և Մոսկվան, Վաշինգտոնն ու Փարիզը նույնպես ակնհայտորեն չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել մի հակամարտությունում, որտեղ այնքան էլ շատ մարդ չի զոհվում և հեռուստատեսային նկարահանող խմբեր առկա չեն, իսկ հակամարտության կողմերն այդքան էլ հակված չեն լուծել իրենց տարաձայնությունները: Մինչ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի առաջնորդներն ավելի մեծ պատրաստակամություն չցուցաբերեն համատեղ կարգավորման շուրջ աշխատելու համար, դիվանագետների մեծ մասը կնախընտրի խուսափել այդ խնդրի պատասխանատվությունից: Այդ առնչությամբ մինսկյան գործընթացը դարձել է Բաքվի, Երևանի և Մոսկվայի «Բերմունդյան եռանկյունին» (Քառանկյուն՝ Ստեփանակերտը հաշվի առնելու դեպքում), որտեղ լավ մտադրությունները, գաղափարները և լավ մտադրություններ ունեցող դիվանագետներն անհետանում են մշուշում, գրում է Դե Վաալը:
«Բոլոր հակամարտություններն, ի վերջո, ավարտվում են: Հույսն այն է, որ չորրորդ տասնամյակը թևակոխող Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի կողմերի՝ իրենց ռազմավարական առաջնահերթությունների վերանայման շնորհիվ, դրա այլընտրանքը՝ մեկ այլ բախման հետևանքով Մոսկվայի կամ իր արևմտյան գործընկերների կողմից հայերին և ադրբեջանցիներին կարգավորում պարտադրելու փորձը, այս տխուր պատմության լավ ավարտի համար ավելի շատ կյանքեր կխլի»,- եզրափակել է Դե Վաալը:
Թարգմանությունը ՝ tert.am-ի: