ՌԴ-ն սկսել է արտաքսել «օրենքով գողերի», այդ թվում և հայ քրեական հեղինակությունների. ԿՊ
Ռուսաստանի ՆԳՆ-ն սկսել է արտաքսել երկրում գտնվող «օրենքով գողերի»: Այս մասին գրում է ԿՊ-ն ՝ նշելով, որ գործընթացը պայմանավորված է ՌԴ-ում անցկացվելիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությամբ:
Նշվում է, որ առանձին քրեականների արտաքսման մասին որոշումը կայացրել է անձամբ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը:
Մեխանիզմը հետեւյալն է. «oրենքով գողերին» հիմնականում ձերբակալում են խարդախության, թմրանյութերի պահման ու վաճառքի մեղադրանքներով: «Նրանք դատապարտվում են, իսկ բանտից դուրս գալուց հետո արտաքսվում Ռուսաստանից», - գրում է կայքը:
Ըստ կայքի ունեցած տեղեկությունների, Ռուսաստանի իշխանությունները Վրաստան են արտաքսել 51-ամյա Ասլան Կոբուլաձեին, Սուլիկո Շարիկաձեին, Ղրղզստան՝ 43-ամյա Կամչիբեկ Կոլբաևին: Իսկ մինչ այդ Ռուսաստանից Վրաստան էր արտաքսվել Բաչուկա Պաչուլիան, Ադրբեջան՝ Դադաշ Բակինսկին:
Համաձայն աղբյուրի կողմից ներկայացված վիճակագրական տվյալների, 20-րդ դարի սկզբից առ այսօր Ռուսաստանի և հետխորհրդային տարածքում եղել է մոտ 5.000 «օրենքով գող»: Նրանցից շատերը մահացել են արտասահմանում, իսկ մյուսներն էլ՝ բանտերում:
Այժմ ակտիվ գործունեություն վարող «օրենքով գողերը» 432-ն են: Նրանցից 318-ն ազատության մեջ են, 114-ը՝ ազատազրկված, 31-ը՝ քննության տակ, իսկ 19-ի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Քրեական հեղինակությունների շրջանում ամենամեծ թիվն են կազմում Վրաստանի քաղաքացիները (242), որոնց հաջորդում են ռուսները (51), հայերը (30), եզդիները (26), ադրբեջանցիները (16), աբխազները (10), չեչենները (8) եւ վերջում հրեաները (7):