Ինչ պայմանով ԱՄՆ-ն կհրաժարվի միջուկային լիցքով թեւավոր հրթիռներից
ԱՄՆ-ն ծովային բազավորման միջուկային զինվածությամբ թեւավոր հրթիռների տեղակայման ծրագրերից կհրաժարվի, ինչպես ամրագրված է նոր հայեցակարգում, եթե Ռուսաստանը հետեւի միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրին, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջուկային եւ հրթիռային պաշտպանության քաղաքականության հարցերով օգնականի տեղակալ Ռոբերտ Սուֆերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե Ռուսաստանը հետեւի ՄՓՀ հրթիռների ոչնչացման պայմանագրին, եթե միջազգային ասպարեզում փոխի իր ագրեսիվ աշխարհաքաղաքական քաղաքականությունը, ապա մենք կարող ենք խոսել ծովային բազավորման հրթիռների մասին, մենք դրանք տեղակայելու կարիք չենք ունենա»,- ասել է նա՝ Վաշինգթոնում ելույթ ունենալով միջուկային զսպման գագաթնաժողովում:
Սուֆերը նաեւ մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը մեծացնում է ոչ ռազմավարական միջուկային զենքի պահուստները: «Մենք տեսանք ռուսական ռազմավարությունը, ռուսական հայեցակարգը, վարժանքները… եւ մենք ինչ-որ բան պետք է անեինք դրան պատասխանելու համար, մենք ընտրություն չունեինք»,- ասել է նա՝ խոսելով նոր հայեցակարգի մասին: