24.11.2024
Հայացք Բաքվից. ԼՂ շուրջ լարվածությունը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների
prev Նախորդ նորություն

Ինչպե՞ս պայքարել նոր սպառնալիքների դեմ. Սերժ Սարգյանն ընդունել է Սերգեյ Նարիշկինին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:


Սարգսյանը ողջունել է հյուրին և կարևորել ռազմավարական դաշնակից երկու երկրների հատուկ ծառայությունների միջև սերտ համագործակցությունը, ընդգծելով, որ արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում առաջանում են ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ նոր սպառնալիքներ, և երկու դեպքում էլ, Սերժ Սարգսյանի համոզմամբ, անհրաժեշտ է տեղեկատվության փոխանակում, իրավիճակի գնահատում, մշտական ակտիվ փոխգործակցություն հատուկ ծառայությունների միջև, որը կօգնի ավելի արագ և արդյունավետ հակազդել սպառնալիքներին:


Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են և առանձնանում ակտիվ ու բարձր մակարդակի համագործակցությամբ բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական և ռազմատեխնիկական, հումանիտար, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում ու արտաքին քաղաքական գործունեության մեջ: Նախագահը հույս է հայտնել, որ Սերգեյ Նարիշկինի այցը նոր խթան կհաղորդի հայ գործընկերների հետ մասնագիտական ոլորտում համագործակցության առավել ամրապնդմանը:


ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները ենթադրում են սերտ կապեր և գործընկերային հարաբերություններ բոլոր մակարդակներում, այդ թվում՝ հատուկ ծառայությունների միջև:


Սերգեյ Նարիշկինը վստահեցրել է, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ իր ղեկավարած ծառայության համագործակցությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա և հանդիպման ժամանակ ներկայացրել է ըստ առանձնին ուղղությունների երկու կառույցների միջև ընթացիկ համագործակցությունն ու հետագա ծրագրերը: