24.11.2024
ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում հակասություններ կան. Արտակ Շաբոյան
prev Նախորդ նորություն

Քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով հարուցվել է քրեական գործ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ և 118-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով (խուլիգանություն և ծեծ): Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 


Հիշեցնենք, անցած շաբաթ տեղի ունեցած Երևանի ավագանու նիստի ժամանակ տհաճ միջադեպ է արձանագրվել: «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները բժշկական դիմակներով բացել են ապակյա տարաներ՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Նրանք պարզաբանել են, որ նման գարշահոտություն ամեն օր շնչում են Նուբարաշենի 4 շենքի բնակիչները, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս:


Խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին թույլ չեն տվել մոտենալ քաղաքապետ Տարոն Մարգարյանին և բռնի ուժով փորձել հեռացնել դահլիճից: Կին ավագանու անդամի նկատմամբ կիրառվել է բռնի ուժ, ՀՀԿ-ական տղամարդ ավագանու անդամներից մեկը նրան քաշել է մազերից, մյուսը ձեռքը գցել կրծքին, ինչին ի պատասխան Մարիա Նախաչտրյանը նրան հարվածել է ու ստացել տղամարդու կողմից պատասխան հարվածներ: Ի վերջո, քաշքշուկից, բռնությունով լի հրմշտոցից հետո Մարինա Խաչատրյանին ու նրա գործընկերուհուն դուրս են բերել նիստերի դահլիճից:


Այս ամենը հստակ երևում է տեսագրություններում: Ավելի ուշ կողմերը հանդես եկան հայտարարություններով՝ միմյանց մեղադրելով:


Ավելի ուշ Մարդու իրավունքների գրասենյակից տեղեկացրեցին, որ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է  Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով: