24.11.2024
Sueddeutsche Zeitung. Պետք է դադարեցնել ՆԱՏՕ–ի ընդլայնումը
prev Նախորդ նորություն

Հունաստանի պաշտպանության նախարարը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՆԱՏՕ-ին

Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՆԱՏՕ-ին։ Թուրքական Hurriet թերթի տեղեկացմամբ՝ պատճառը Քարդաք կղզու մոտ թուրքական եւ հունական ռազմածովային ուժերի միջեւ գրանցված լարվածությունն է։


Բելգիայում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների համաժողովի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ իր պաշտոնակիցների հետ ունեցած երկու հանդիպումների ժամանակ Կամմենոսը միջադեպի հետ կապված տեսաձայնագրություններ է ներկայացրել։


«Ես ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարներին տեղեկություններ հաղորդեցի վերջին օրերին Թուրքիայի՝ հատկապես Քարդաքի տարածքում դրսեւորած պահվածքի եւ այն լարվածության մասին, որի պատճառը նախագահ Էրդողանի եւ թուրք պաշտոնյաների հայտարարություններն են»,- նշել է հույն նախարարը։


Կամմենոսն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներխուժելով հունական ծովային տարածքներ՝ Թուրքիան, փաստորեն, ներխուժում է նաեւ Եվրամիության ծովային տարածքը։ «Արդեն հասկանալի է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում իրեն բոլորովին էլ հարեւանի և գործընկերոջ պես չի պահում», - հավելել է նա։


«Քարդաքի կղզիները հունական կղզիներ են։ Հունական առափնյա անվտանգության եւ ռազմածովային ուժերն այնտեղ են եւ ազգային ինքնիշխանության հարցում հետքայլ անելու մասին խոսք անգամ լինել չի կարող։ Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն բացահայտ դիրքորոշում կդրսևորեն»,- հայտարարել է Կամմենոսը։


Նշենք, որ տվյալ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին հետեւող Եվրամիությունը շարունակում է այս հարցում հանդես գալ ընդդեմ Թուրքիայի։ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը իր հերթին հայտարարել է, որ կտրականապես դեմ է հունական հարցում Թուրքիայի դրսեւորած վարքին։


Հիշեցնենք, որ այս նույն միջադեպի հետ կապված, Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսը Թուրքիայի հետ ունեցած սահմանային խնդիրների մասին խոսելիս օգտագործել էր Կիպրոսում տարածված «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է» արտահայտությունը, ինչը Թուրքիայում աղմուկի պատճառ էր դարձել, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտարարել էր, որ Քարդաք կղզու հատվածում միջադեպի սադրողը եղել է հունական նավը, որը «վտանգավոր մանեւրեր է արել Էգեյան ծովում: