Տագնապի 30 տարին Սև այգում. TA3 հեռուստատեսության եթերն Արցախի մասին
Սլովակիայի հեղինակավոր TA3 հեռուստատեսության ուղիղ եթերում հայտնի սլովակ ռեժիսոր-վավերագրող, լուսանկարիչ Լիբոր Շպիմրը խոսել է Արցախյան շարժման 30-ամյակի մասին: Այս մասին հայտնում է Արցախպրեսը:
«Տագնապի 30 տարին Սև այգում» խորագիրը կրող հարցազրույցի ընթացքում ցուցադրվել են կադրեր ռեժիսորի կողմից Արցախում նկարահանած վավերագրական ֆիլմից։ Լ. Շպիմրը ջերմությամբ է խոսել Արցախի, Հայաստանի և, առհասարակ, հայ ժողովրդի մասին՝ նշելով, որ հայերը քրիստոնեության առաջամարտիկներն են։ Հեղինակը ներկայացրել է արցախյան հիմնահարցի համառոտ պատմությունը, նշել, որ հայերը հպարտ և խաղաղասեր ժողովուրդ են: Նրա խոսքով՝ ղարաբաղյան պատերազմը սկսել է Ադրբեջանն՝ ի պատասխան հայերի խաղաղ ցույցերի և օրենքով անցկացված ինքնորոշման հանրաքվեի։
Լ. Շպիմրն ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունը պետականության բոլոր ատրիբուտներն ունեցող ժողովրդավարական պետություն է։ Հարցազրույցի ընթացքում նա դատապարտել է Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ օրերս արված հայտարարությունն առ այն, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանական հողեր են, ուր Ադրբեջանն անպայման վերադառնալու է»։
Նշենք, որ Լիբոր Շպիմրը բազմիցս եղել է Արցախում, վավերագրական ֆիլմ է նկարահանել արցախյան գոյամարտի մասին, որը ցուցադրվել է սլովակյան հեռուստատեսությամբ։ Նա արժանացել է մրցանակների՝ որպես Արցախին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի հեղինակ։