25.11.2024
Թուրքիայում քրդական կուսակցության գրասենյակի վրա զինված հարձակում է տեղի ունեցել
prev Նախորդ նորություն

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը պայթյունավտանգ է և դա ակնհայտ է. Քոչարյան

Այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը պայթյունավտանգ է՝ ակնհայտ է, և դրա վկայությունն են 2016 թվականի ապրիլյան դեպքերը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:


Իր այս հայտարարությունը Քոչարյանն արեց անդրադառնալով ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցին, որում նշված է, որ Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է վերածվել ռազմական լայնածավալ գործողությունների և նշվում, որ կողմերի միջև չկա պատրաստակամություն գնալ փոխզիջումների:


Ըստ փոխարտգործնախարարի, հայկական կողմերը միշտ պատրաստ են ցանկացած զարգացումների, հատկապես հաշվի առնելով այն հայտարարությունները, որ հնչեցնում է Ադրբեջանի ղեկավարությունը.


«Բավական է հիշատակել Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը, որը միանշանակ ցույց է տալիս, թե ով ինչի է պատրաստ և ով պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջ գնալուն: Այդպիսի ելույթով Ադրբեջանի նախագահը, նրանց համար, ովքեր դա չեն նկատել, փայլուն կերպով անհերքելի ապացուցեց, որ երբևիցե չի կարող Ղարաբաղը լինել Ադրբեջանի կազմում և որ Արցախի միջազգային ճանաչումն անխուսափելի է»,- շեշտեց Շավարշ Քոչարյանը: 


Ինչ վերաբերում է այն կանխատեսումներին, թե Ալիևի ձեռքերը ավելի են ազատվում Հայաստանում խորհրդարանական համակարգի ներդրմամբ, քանզի հայտնի չէ, թե ով է խաղաղ ժամանակ լինելու գերագույն հրամանատարը, փոխարտգործնախարարը կոչ արեց նման խոսակցություններին տուրք չտալ, քանզի դրանք որևէ հիմք չունեն: Եվ միջազգային փորձն էլ, ըստ նրա, ապացուցում է հակառակը. 


«Այն երկրների համար, որոնք չունեն ժողովրդավարական ավանդույթներ, կայացած հասարակարգեր, քաղաքացիական հասարակություն, պառլամենտական համակարգերն ավելի արդյունավետ են նաև անվտանգություն ապահովելու տեսակետից: Վառ օրինակ է Իսրայելը, որը թշնամական միջավայրում է, բայց խորհրդարանական երկիր է, իսկ հարևան երկրները նախագահական են»,- հավելեց նա: