Հայ և ռուս ժողովուրդները միասին են և դարերով միասին կլինեն. Արա Բաբլոյան
Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից նախօրեին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն, որին ներկա են եղել 12 երկրների դեսպաններ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ եւ պաշտոնատար այլ անձինք:
ՀՀ Ազգային Ժողովի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ իր ելույթում Արա Բաբլոյանը բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերություններն ու կարևորել դրանց հետագա խորացումը: Նա հատկապես ընդգծել է Ռուսաստանում հայ համայնքի դերը, որը նպաստում է երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացմանը:
«Տարեցտարի մեծանում է հայ համայնքի ներգրավվածությունը Ռուսաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում: Մենք վստահ ենք, որ ինչպես Ռուսաստանում հայերը, այնպես էլ Հայաստանում ռուսները մեր երկու երկրները միմյանց կապող ամուր կամուրջ են:
Անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը քառորդ դար անշեղորեն զարգացրել են դաշնակցային փոխգործակցությունը: Մեր երկրները եվրասիական ինտեգրման գործընթացի ակտիվ մասնակիցներ են, տարեցտարի թափ է առնում ապակենտրոնացված համագործակցությունը, հետեւողականորեն զարգանում է փոխգործակցությունը հումանիտար ոլորտում, մշակույթի, կրթության, առողջապահության եւ զբոսաշրջության բնագավառներում:
Այսօր Պետական դումայում Վյաչեսլավ Վոլոդինի հետ ներկա եղանք ցուցահանդեսի բացմանը` «Միասին» խորհրդանշական խորագրով: Հայ եւ ռուս ժողովուրդները միասին անցել են բազմաթիվ փորձություններով եւ զրկանքներով, ինչը միայն ամրապնդել է մեր եղբայրությունը: Մենք միասին ենք եւ դարերով միասին կլինենք»,- հավելել է Արա Բաբլոյանը: