26.11.2024
Ազգային արժույթների դեվալվացիաների շարանը տարածաշրջանում
prev Նախորդ նորություն

Ստրատեգիական ճեղքում. Իրանը և Հայաստանը փոխում են տարածաշրջանը

Հայաստանը պատրաստվում է իր հյուսիսային և հարավային սահմաններում կառուցել նոր էլեկտրագծեր, որոնց միջոցով կմիանա Վրաստանի և Իրանի էներգետիկ համակարգերին, իսկ անհրաժեշտության դեպքում կկարողանա էլեկտրաէներգիա մատակարարել այդ պետություններին: Վրաստանի հետ կառուցվող էլեկտրագծով Հայաստանը կմիանա նաև ռուսական համակարգին՝ դառնալով էներգետիկ շղթայի մի մասը: Այս մասին տեղեկացրեց «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ տնօրեն Արամ Անանյանը նշելով, որ էլեկտրագծերի և ենթակայանների կառուցումը նախատեսված է առաջիկա մի քանի տարիներին:

«Իրանի հետ սահմանակից Սյունիքի մարզում գտնվող «Շինուհայր» ենթակայանի համար արդեն կա պայմանավորվածություն, և մինչ այս տարվա ավարտը կընտրենք կապալառու ընկերությունը: Ծրագրի ավարտը նախատեսված է 2017 թվականին: «Շինուհայր» ենթակայանը սպասարկում է այս ողջ տարածաշրջանը, այստեղից ենք էլեկտրաէներգիա մատակարարում դեպի Մեղրի, որտեղից էլ Իրան: Նույն գծով նաև էլեկտրաէներգիա ենք կարողանում ստանալ Իրանից: Այսօր մենք Իրանին գիշերները տալիս ենք մոտ 100-120 մեգավատտ էլեկտրաէներգիա, իսկ ցերեկները ստանում ենք մոտ 15 մեգավատտ»,- ասաց Անանյանը, հայտնում է «Արմենպրես»-ը:

Նույն ծրագրով նախատեսված է նաև «Եղեգնաձոր» ենթակայանի կառուցումը, որն էլ էլեկտրագծերով կմիանա Հրազդան ՋԷԿ-ին: Ողջ ծրագրի համար «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերն» Ասիական զարգացման բանկից ստացել է 23 մլն դոլարի ֆինանսավորում: «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ տնօրենը վստահ է, որ ինչպես Իրանում, այնպես էլ Վրաստանում կա էլեկտրաէներգիայի պահանջարկ, և Հայաստանը ի զորու է էլեկտրաէներգիա մատակարարել նրանց:

Անանյանը խոսեց նաև Վրաստանի միջոցով Ռուսաստանի էներգետիկ շղթային միանալու մասին ընդգծելով, որ դա թույլ կտա Հայաստանին վթարների ժամանակ էլեկտրաէներգիա ստանալ ՌԴ-ից: Հատկանշական է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վերջերս Գերմանիա կատարած այցի ընթացքում հանդիպել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի (KFW) խորհրդի անդամ Ռոլանդ Զիլլերի և Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Եվա Վիտտի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են KFW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի երկրորդ փուլը ավելի վաղ ժամկետ տեղափոխելու և առաջին փուլին զուգահեռ իրականացնելու հարցերը:

Հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի անկախությունից հետո դինամիկ կերպով զարգացել են թե տնտեսական ոլորտում՝ 2013թ.-ին ապրանքաշրջանառությունը հասել է շուրջ 340 միլիոն դոլարի: Կողմերը նպատակ ունեն այն հասցնել 1 միլիարդ դոլարի: Հայ-իրանական քաղաքական երկխոսությունը ևս գտնվում է բարձար մակարդակում: Նախագահների և նախարարների մակարդակով բազմաթիվ փոխայցելություններ են տեղի ունեցել: Իրան-Ադրբեջան անընդհատ լարվող հարաբերությունների ֆոնին Հայաստան-Իրան հարաբերություններում առկա է փոխադարձ վստահության բարձր մակարդակ:

Երկրների միջև իրականացվել և իրականացվում են մի շարք նախագծեր՝ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցում, շարունակվում են Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդակցման գծի շինարարական աշխատանքները: Երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում նաև Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր իրավիճակ կստեղծի:

Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին վերջերս անդրադառնալով Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության հարցին նշել էր, որ Թեհրանն անմիջապես պատրաստ է սկսել իրանական տարածքում երկագծի շինարարությունը և երկաթգիծը հասցնել մինչև Մեղրի, երբ շինարարական աշխատանքները մեկնարկեն Հայաստանի տարածքում: Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության շնորհիվ Հայաստանը ելք կունենա Իրանի տարածքով դեպի Պարսից ծոց և Կասպից ծով, ինչը շատ կարևոր հանգամանք է Հայաստանի տրանսպորտային ոլորտի դիվերսիֆիկացիայի համար:

Իրանի համար Հայաստանը կդառնա այն հյուսիսային պատուհանը, որի շնորհիվ իրանական ապրանքները ելք կունենան դեպի վրացական սևծովյան Փոթի և Բաթում նավահանգիստներ: Հայաստանը երկաթգծի շնորհիվ կդառնա Հարավային Կովկասում տարանցիկ կարևոր միջանցք: Բացի երկաթգծի շինարարության ծրագրերից, Իրանն ու Հայաստանը իրականացնում են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը: 556 կմ երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհը կառուցումից հետո, կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի Սևծովյան նավահանգիստներ:

Միևնույն ժամանակ Հայաստան-Իրան բազմաշերտ համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն, ըստ փորձագետների, բեկում է մտցնում տարածաշրջանային քաղաքական և տնտեսական ինտեգացիայի վեկտորների ուղղվածության մեջ: Այսպիսով Հայաստանի, Իրանի և Ռուսասատնի համար հնարավորություն է առաջանում ստեղծել է նոր իրավիճակ տարածաշրջանում՝ որոշակիորեն հավասարակշռելով Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակ համագործակցությունը և Թուրքիայի ու ԱՄՆ դիրքերի ուժեղացման միտումը Հարավային Կովկասում: