27.11.2024
Կվիրիկաշվիլի. Մենք չենք օգտվում ՆԱՏՕ–ի պաշտպանությունից
prev Նախորդ նորություն

ՀՀ ինտեգրումը ԵԱՏՄ կազմում խոչընդոտ չհանդիսացավ ԵՄ հետ համագործակցությանը. Սարգսյան

Ներկայիս գլոբալ մարտահրավերների համատեքստում առավել քան խոցելի են մեր երկրների տնտեսությունները: Արդյունքում սոցիալական արդարության և բարեկեցության խնդիրները հանրային ուշադրության կիզակետում են հայտնվում։ Մեր տարածաշրջանի բարդ իրողություններն իրենց հերթին սահմանափակում են տնտեսական աճի ներուժը: Ուստի մենք ձգտում ենք լավագույնս օգտագործել առկա բոլոր հնարավորությունները, այդ թվում նաև՝ ինտեգրացիոն կառույցների ընձեռածները։ Այս մասին ԵԽԽՎ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


«Հինգ տարի առաջ՝ 2013 թվականին Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումից քիչ անց, շատերը, այդ թվում՝ այս դահլիճում, թերահավատություն էին հայտնում Հայաստանի հանդեպ։ Սակայն Հայաստանն ապացուցեց, որ ի զորու է համատեղելու տարբեր ինտեգրացիոն կառույցներում իր ներգրավումը և նույնիսկ դառնալու համագործակցության օրինակելի մոդել»,- հայտարարեց նա։


Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ երկու ամիս առաջ՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը նախատեսում է համագործակցության բոլորովին նոր որակ։ Եվ Հայաստանի լիարժեք ինտեգրումը ԵԱՏՄ կազմում բնավ խոչընդոտ չհանդիսացավ:


«Մենք այսօր շարունակում ենք ակտիվորեն ընդլայնել մեր միջազգային ներգրավումը նաև այլ ուղղություններով: Մեզ համար համագործակցության յուրատեսակ հարթակ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը թե՛ մարդու իրավունքների առաջխաղացման, թե՛ լեզվամշակութային տեսանկյուններից։ Մեր երկրին ընձեռվել է այս տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Երևանում հյուրընկալելու պատիվը։ Գագաթնաժողովն անցկացվելու է «Ապրել միասին» կարգախոսի ներքո և նախատեսվում է համանուն դաշնագրի ընդունում՝ ուղղված մարդու իրավունքների, միջմշակութային և միջկրոնական երկխոսության ամրապնդմանը: Մեզ համար սա պարզապես կարգախոս չէ. հայ ժողովուրդը գիտի ատելության քարոզի, անհանդուրժողականության ու խտրականության գինը և հնարավոր բոլոր հարթակներում պայքարում է դրանց դեմ»,- ընդգծեց Հայաստանի ղեկավարը:


Սերժ Սարգսյանը նաև նշեց, որ  Վեհաժողովի դահլիճում կարող է հպարտությամբ հայտարարել՝ Հայաստանը կատարել է Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած՝ Հայաստանի ժողովրդավարացման հիմնական հանձնառությունները: Եվ դա, իր խոսքով, միայն հայկական ոկղմի պնդումը չէ.


« Ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ մեր արձանագրած հաջողությունները ճանաչվել են Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային մարմինների զեկույցներով։ Մենք հաստատակամորեն շարունակում ենք համաեվրոպական իրավական համակարգին միանալու գործընթացը, և այսօր մեր երկրի կողմից ստորագրված կոնվենցիաների թիվը մոտենում է 70-ի։ Ասեմ, որ սա սոսկ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթաց չէ մեզ համար. մենք առաջին հերթին մեր հավատամքն ու պատկերացումներն ենք կյանքի կոչում այս ճանապարհով։ Եվ դա շարունակելու ենք։ Ավելին, այս ապրիլից սկսած մեր երկրի ընթացքը բարեփոխումների ճանապարհով նոր արագություն է ստանալու, քանի որ նախ՝ այդ ժամանակ ամբողջովին ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները և երկրորդ՝ մենք արդեն սկսում ենք Եվրոպական միության հետ ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված քայլերը»,- ասաց նա։


Հայաստանի նախագահը նշեց, որ քաջ գիտակցում ենք, որ ժողովրդավարությունը մշտապես պահանջում է ուշադրություն, վերաիմաստավորում, զարգացում. այն չի կարող դոփել տեղում և կենսունակ լինելու համար պետք է քայլի ժամանակին համընթաց։ Հենց այս տրամաբանությամբ էլ, ըստ նրա, ձեռնամուխ են եղել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացմանը, որին Եվրոպայի խորհուրդը ցուցաբերեց իր համակողմանի աջակցությունը։


«Ապրիլ ամսին ավարտին կհասնի այդ գործընթացը Եվրոպայի խորհրդի երեք հիմնասյուների՝ իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման հստակ տեսլականով։ Մեր երկրում ժողովրդա-վարության ամրապնդման լավագույն ուղի ընտրեցինք անցումը խորհրդարանական կառավարման ձևին։ Այդ գործընթացի մեկնարկը 2013 թվականին ազդարարեցի հենց այս բարձր ամբիոնից»,- ընդգծեց նա։