Ընդդիմադիր «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան արգելվել է: Փոստանջյանը մեղադրում է Հայաստանի իշխանություններին. նրա խոսքով, վրացական կողմն իր մուտքի արգելքը սահմանել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով:
Վրաստանի սահմանապահներն արգելել են «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանին մուտք գործել այդ երկիր: Ընդդիմադիր գործիչը հատել է Հայաստանի «Բավրա» անցակետը, սակայն վրացական «Նինոծմինդա» անցակետում տեղի աշխատակիցներն ասել են, որ Փոստանջյանի մուտքն արգելված է այդ երկիր:
Ընդդիմադիր գործիչը «Ազատությանը» պատմեց, որ փորձել է ճշտել արգելքի պատճառները` օրինակ, արդյո՞ք կասկածվում է որեւէ հանցագործության մեջ կամ վարակակիր է և այլն, Վրաստանի սահմանապահները, սակայն, Փոստանջյանին մի գրություն են փոխանցել, որում որպես արգելքի պատճառ նշված է «օրենքով նախատեսված այլ դեպքերը»` առանց մանրամասների:
Զարուհի Փոստանջյանը կուսակիցների հետ հայաբնակ Ախալքալակի շրջան էր մեկնում «Երկիր Ծիրանի»-ի նախաձեռնած համահայկական ընդվզման քարոզչության նպատակով: Վերջին անգամ նույն ծրագրով Փոստանջյանը Ախալքալակում հանդիպումներ էր անցկացրել մոտ երկու ամիս առաջ, ինչպես փոխանցեց կուսակցության ղեկավարը, առանց միջադեպերի:
Ի դեպ, Փոստանջյանի հետ Ջավախք մեկնող նրա կուսակիցները նման խոչընդոտի չեն բախվել։
Զարուհի Փոստանջյանը կասկածներ ունի, որ այս անգամ Հայաստանի իշխանությունների խնդրանքով են արգելել նրա մուտքը, քանի որ վրացական կողմը որևէ հստակ հիմնավորում չի ներկայացրել: Փոստանջյանը նախատեսում էր հանդիպումներ անցկացնել Բոգդանովկայում և Ախալքալակում, որտեղ համազգային ընդվզման իրենց նախաձեռնություն էին ներկայացնելու:
«Մեզ սպասում էին մեր հայրենակիցները: Որպեսզի լինի իրականում համազգային ընդվզում, մենք դիտարկում ենք ողջ հայությանը, և իհարկե Ջավախքը միանշանակ պետք է ընդգրկված լինի այս ամենի մեջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը:
Նա նշեց, որ պատրաստվում է բողոքարկել վրաց սահմանապահների որոշումը․ «Բողոքներ եմ ներկայացնելու բոլոր ատյաններին և պահանջելու եմ, որպեսզի իմ ոտնահարված իրավունքը վերականգնի, և իհարկե հատուցեն պատճառված վնասները: Ես Ջավախք էի մեկնում հատուկ նպատակով, և իրենք իմ գործունեությանը խոչընդոտ են հանդիսացել: Բոլոր հնարավոր ատյաններին բողոք եմ ներկայացնելու, նաև մեր արտգործնախարարությանը, այն մասին, որ իմ իրավունքները ոտնահարվել են»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: