Ադրբեջանն ու Իրանը կֆինանսավորեն Ռեշտ-Աստարա երկաթուղին
Իրանն ու Ադրբեջանը համատեղ կֆինանսավորեն Ռեշտ-Աստարա երկաթուղու հատվածն Իրանի հյուսիսում։ Այս մասին ասել է Իրանի ճանապարհների հարցերով փոխնախարար Ասգար Կաշանը, փոխանցում է IRINN հեռուստաալիքը։
Փոխնախարարի խոսքով՝ երկու երկրներից յուրաքանչյուրը կապահովի երկաթուղու շինարարության համար անհրաժեշտ ներդրումների 50-ական տոկոսը։
«Ադրբեջանը նախագծում կներդնի 500 մլն դոլար»,- ասել է Կաշանը։
Փոխնախարարն անդրադարձել է նաև Ռեշտ-Կազվին երկաթուղու շինարարության թեմային՝ նշելով, որ երկաթուղին, ինչպես սպասվում է, կբացվի առաջիկա 3 ամիսների ընթացքում։
Ռեշտ-Աստարա հատվածը հանդիսանում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կարևոր մաս։ Այն կոչված է միացնելու Հյուսիսային Եվրոպան Հնդկաստանի և Հարավարևելյան Ասիայի հետ։ Այն կծառայի նաև որպես կապող օղակ՝ Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երկաթուղիների միացման համար։ Առաջին փուլում «Հյուսիս-Հարավ» միջանցքով ծրագրվում է փոխադրել տարեկան 6 մլն տոննա բեռ, իսկ հետագայում՝ 15-20 մլն տոննա բեռ։