Որոշ ապրանքների գնաճն ամբողջությամբ պայմանավորված է հարկերի փոփոխությամբ. Շաբոյան
ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս տարվա ընթացքում գնային փոփոխությունները երեք ապրանքների գծով են եղել՝ բնական գազ, որը օգտագործվում է ավտոմեքենաների համար, բենզին, դիզելային վառելիք և այս երեք ապրանքների գծով գնային բարձրացումը ամբողջությամբ պայմանավորված է հարկերի փոփոխությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Ինչ վերաբերում է 2017 թվականին, ապա Շաբոյանը նշեց, որ բարձր կենտրոնացվածություն ունեցող սոցիալական նշանակություն ունեցող ապրանքներից էական գնային փոփոխություններ են կրել երեք ապրանքատեսակներ՝ կարագը, բենզինը և դիզելային վառելիքը:
Այսօր, ընդգծեց նա, մնացած ապրանքատեսակների հարցում էական գնային փոփոխություն չկա:
Շաբոյանն այսպիսով ներկայացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի կատարման արդյունքները: Հիշեցնենք, անցած շաբաթ իր մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախագահը հանձնարարել էր հատուկ ուշադրություն դարձնել գնագոյացման խնդիրներին և հատկապես ուսումնասիրել սոցիալական նշանակություն ունեցող ապրանքներում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսությունները:
Շաբոյանը նաև հավաստիացրեց, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր քայլերը գնաճի վերահսկողության համար:
Նշենք նաև, որ հունվարի 23-ին, ժամը 11։00-ին, հրավիրված են «Առանձին ապարանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու լուծումներ» թեմայով խորհրդարանական լսումներ: