23.11.2024
ՀՀ և Տաջիկստանի քաղաքացիներն առանց վիզայի մուտք կգործեն միմյանց երկրներ
prev Նախորդ նորություն

Կառավարությունը վաճառքի կհանի պահուստային ֆոնդի թանկարժեք իրերը

Կառավարությունը 2018 թվականի առաջին նիստում հավանության է արժանացրել պահուստային ֆոնդի թանկարժեք իրերի օտարման միջոցառումների 2018-2021 թթ․ ծրագիրը։


Ծրագիրը կիրականացնի ««Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը: Հիմնավորման մեջ ասվում է, որ 1996 թվականից ի վեր թանկարժեք քարերն ու պետական գանձերը չեն օտարվել, ինչի արդյունքում կուտակվել են բավականին մեծ քանակությամբ զարդեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը եւ արժեքը: Նախագիծը ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ բացի այդ՝ ապրանքները պահելը չափազանց թանկ է, ուստիև անհրաժեշտություն է առաջացել հանրային աճուրդներ կազմակերպել պահուստային ֆոնդի չամրացված պահուստները վաճառելու նպատակով:


Եթե թանկարժեք իրերը չվաճառվեն սահմանված գնով, ապա դրանց արժեքը կարող է նվազել, սակայն միջազգային գներից ոչ պակաս: Նախարարը նաև ասել է, որ ծրագրի իրականացման արդյունքում Պետական գանձարանը կստանա բարձր լիկվիդայնություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներ, որոնք ժամանակի ընթացքում չեն կորցնում իրենց արժեքը:


Նշենք, որ պահուստներից կվաճառվի, մասնավորապես, 4712 հատ արհեստական քար, 1177 գրամ արհեստական քարերից շարաններ, 256,3 կարատ զմրուխտ, 3575,76 կարատ ադամանդ, ընդհանուր առմամբ ավելի քան 100 կիլոգրամ արծաթյա ու ոսկյա իրեր և այլն: Դրանց նվազագույն արժեքը շուկայական գներով հասնում է ավելի քան 1 միլիարդ 533 միլիոն դրամի:


Օտարումը կմեկնարկի արդեն այս տարվա առաջին եռամսյակում: