23.11.2024
Կառավարությունը վաճառքի կհանի պահուստային ֆոնդի թանկարժեք իրերը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սերժ Սարգսյանը պաշտոնապես հաստատեց՝ ինքն է լինելու վարչապետը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հաստատել է, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը: Նախագահական նստավայրում առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքները մեղելու լուծումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասել է. «Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաև ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավի վրա»: Սարգսյանը պարզ ասում է, որ տարվա երկրորդ կեսից հետո էլ ինքն է լինելու իշխանության ղեկավարը և ինքն է զբաղվելու այդ խնդիրների լուծմամբ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Տարեմուտի առիթով Հայաստանի քաղաքացիներին շնորհավորեցին բոլոր այն պաշտոնյաները, որոնք չզլացան ու չծուլացան: Շնորհավորանքների ավանդական ուղերձներ հղեցին Սերժ Սարգսյանը, վարչապետը, տարբեր նախարարներ: Այդ ուղերձների նկարագրությունների նվազագույնը կեսը իրականություն լինելու պարագայում Հայաստանում կյանքը կփոխվեր էապես, իր հետ բերելով նաև մի շարք ցուցանիշների փոփոխություն, դրանցից ամենակարևորի՝ ժողովրդագրության ցուցանիշով հանդերձ: Բայց պաշտոնական այդ ուղերձներից հետո հնչեց կամ եղավ ամենագլխավոր ուղերձը, արդեն հունվարի 1-ին, մի քանի ապրանքատեսակների, այդ թվում այնպիսի մուլտիպլիկատիվ ներուժ պարունակող ապրանքատեսակների թանկացումով, ինչպիսին բենզինը, դիզվառելիքը, սեղմած գազը: Ահա գլխավոր ուղերձը, այսպես ասած՝ շոշափելի և զգալի ուղերձը, որ հնչեց իշխանությունից՝ թանկացումներ: Իսկ այդ կապակցությամբ պատկերավոր այնպիսի խոսքեր, ինչպես տոնական շնորհավորանքների վարդագույն տեքստերում, իշխանությունը չունի:


Թեև, հասարակությունն իհարկե ոչ թե խոսք, այլ գործ է սպասում այդ կապակցությամբ, թե իշխանության գործողությունների և թե դրանց արդյունքը աշխատատեղերի իմաստով: Իսկ դրանք չկան, կամ համենայնդեպս, եղածն ամենևին այնքան չէ, որ քաղաքացիներին հնարավորություն կտա չնկատել գնաճը կամ գնաճը չընկալել որպես ծանր հարված գրպանին: Իհարկե կարելի է Հակոբ Հակոբյանին դուրս բերել հրապարակ և նա կհայտարարի, որ աղքատները, օրինակ, բենզին չեն օգտագործում, գազ էլ առանձնապես չեն լիցքավորում, ընդհանրապես մեքենա չունեն աղքատները, չունեն նաև տրակտոր, որ դիզվառելիք օգտագործեն: Եվ դա կլինի իհարկե ճիշտ պատասխան, բայց ամբողջ հարցն այն է, որ գնաճը աղքատներին չհարվածելով, ավելացնում է կամ սպառնում է ավելացնել նրանց թիվը, որովհետև ովքեր մինչ այժմ բենզին և գազ օգտագործում էին, նրանց մի մասը շատ հնարավոր է սկսեն չօգտագործել, կամ օգտագործել շատ քիչ:


Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը տարվերջին հայտարարել էր, թե 2018-ի այնպիսի տնտեսական զարգացում կլինի, որ ընտրողը հուսախաբված չի զգա իրեն: Ընտրողի և իշխանության հարաբերությունն իհարկե այլ խոսակցության առարկա է, իսկ տվյալ դեպքում Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունը հետաքրիր է ներիշխանական հարաբերությունների համատեքստում: Մասնավորապես, 2018-ի հունվարի մեկից իսկ մեկնարկած գնաճի նոր ալիքը, որն ունի շարունակության այսպես ասած բոլոր հիմքերը, արդյո՞ք ապրիլին մոտ առաջացնելու է իրավիճակ, երբ կառավարությունը կհայտարարվի ընտրողին հուսախաբ անող, դրանից բխող բոլոր հետևանքներով: Հատկապես, որ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, թե տնտեսական աճը պետք է շոշափելի և զգալի լինի քաղաքացիների համար: Առայժմ քաղաքացիների համար շոշափելի և զգալի է միայն գների աճը: Ու չի նշմարվում քիչ թե շատ համոզիչ հեռանկար, որ գոնե դրա հետևից հանրությունը կզգա ու կշոշափի տնտեսական աճը: Կարեն Կարապետյանի, այսպես ասած, թույլ տեղը համարվում կամ մատուցվում էր անվտանգության, արտաքին քաղաքականության ոլորտը, սակայն ինչպես երևում է՝ Կարապետյանը կարող է սայթաքել այնտեղ, որտեղ ամենից քիչն էր սպասում»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ֆինանսական խնդիրներ ունի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ըմբիշներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում: Հայտնի է նաեւ, որ աշխարհի 2017 թ. մինչեւ 23 տարեկանների առաջնությանը մարզիկները գնացել են սեփական միջոցներով՝ վճարելով, մոտավորապես, հազարական ամերիկյան դոլար: Ֆեդերացիայի գումարը չի բավականացնում նաեւ, որ կարողանան նախատեսված ծրագրով՝ հավաքներ անցկացնել, օրինակ 2017-ի դեկտեմբերին Ծաղկաձորում հավաք չանցկացրին, ինչպես սովորաբար անում են: Գյումրիում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց կառուցելու խոստումները երկար ժամանակ է՝ միայն գեղեցիկ ճառերում են (նրա անվան գործող մարզադպրոցը վերանորոգել հնարավոր չէ):


Մարզաձեւի հետ կապ ունեցող մարդիկ նախընտրում են խնդիրների մասին խոսել անձնական զրույցներում, սակայն ոչ հրապարակային: Հրապարակային խոսքում նրանք հերքում են: Օրինակ, 2017-ի ամռանը «Հայկական ժամանակ»-ն իր աղբյուրներից տեղեկացել էր, որ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի՝ հավաքականից հեռանալու իրական պատճառը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից խոստացված նյութական միջոցները չստանալն էր, տեղեկությունը «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատել էր ինքը՝ Մկրտչյանը, սակայն, երբ այդ մասին հրապարակում եղավ, մասնագետը տեսանյութ տարածեց՝ հերքելով ինքն իրեն:


Ըմբշամարտի ֆեդերացիայում ֆինանսական խնդիրներից սկսել են խոսել այն պահից, երբ 2017-ի մայիսին ռուսաստանցի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանը հրաժարվեց նախագահի պաշտոնից: Նշվում էր, որ պատճառը նրա լարված հարաբերություններն էին Ծառուկյանի հետ. Կարապետյանը դեմ է եղել, որ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնա, իսկ վերջինս 2016-ի ապրիլին ընտրվեց ԱԺ պատգամավոր: Ծառուկյանը իր վրա վերցրեց մարզաձեւը ֆինանսավորելու պատասխանատվությունը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն էլ վստահեցրել էր, որ մարզաձեւը ֆինանսի խնդիր չի ունենա:


Անկախ այս խոստումներից՝ Հայաստանի հենակետային մարզաձեւերից մեկը, որը երկրին պարբերաբար օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ ու մրցանակակիրներ է տալիս, ֆինանսական ճգնաժամի մեջ է: Ի՞նչ կլինի, եթե այսպես շարունակվի»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ոռոգման ջրերի ամբողջ տնտեսությունը եւս կարող է սեփականաշնորհվել եւ անցնել Սամվել Կարապետյանի վերահսկողության տակ: Դա կարող է տեղի ունենալ արդեն այս տարվա աշնանը: Որպես ֆորմալ հիմնավորում կարող է ներկայացվել ներկայումս գործող ՋՕՄ-երի ոչ արդյունավետությունը, որոնք չեն կարողանում բավարարել գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով: Ամբողջ համակարգը, որը, ըստ էության, միլիարդավոր դոլարներ արժե, եւ որի արդիականացման համար հարյուր միլիոն դոլարների միջազգային վարկեր են ծախսվել, կարող է հանձնվել Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությանը: Եղանակային պայմանները բավական հաջող են ծրագրի համար՝ տեղումների քիչ լինելը հուշում է, որ այս տարի եւս կարող է երաշտ լինել, ինչի մեղքը կբարդվի վատ կառավարման վրա»:


«Փաստ» թերթը գրում է. «Թոխմախի Մհերի տղան՝ Դավիթ Սեդրակյանն արտագաղթեց Ամերիկա: Մհեր Սեդրակյանն իր որդու համար ապագա չտեսավ Հայաստանում: Նշենք, որ Դավիթը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետկոմի նախագահի տեղակալն էր: Դրանից առաջ Էրեբունի համայնքի ղեկավարի տեղակալն էր: 2013–ին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: Ավարտել է Երևանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ուսանել Լոնդոնի տնտեսագիտության ու քաղաքական գիտությունների դպրոցում»: