28.03.2024
Արգելք և ոչ մի փոխհատուցում. ի՞նչ է սպասվում է աջ ղեկով մեքենաների վարորդներին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Խորապես շահագրգռված ենք Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում. Սերժ Սարգսյան

Հայ-վրացական երկկողմ օրակարգում բազմաթիվ հեռանկարային ծրագրեր կան, և մենք շատ անելիքներ ունենք։ Այս մասին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Անցած քառորդ դարում հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները զարգացել են մեր ժողովուրդների մշակութային հարուստ ավանդույթների, փոխկապակցված պատմության և արժեքային ընդհանրությունների հենքի վրա:
Հայերի համար Վրաստանն առանձնահատուկ գրավչություն ունի, մենք իսկապես բարեկամական զգացումներ ունենք վրացի ժողովրդի հանդեպ: Պատահական չէ, որ հայաստանցիների մի ստվար մասը նախընտրում է իր արձակուրդները և տոները անցկացնել հենց Վրաստանում»,-նշել է Սերժ Սարգսյանը։


Անդրադառնալով Վրաստանի նախագահի հետ բանակցություններին, երկրի ղեկավարը դրանք արդյունավետ է որակել` վստահություն հայտնելով, որ դրանք նոր որակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին:


«Մեկ անգամ ևս ուզում եմ վերահաստատել բարեկամության, փոխըմբռնման և ներդաշնակության ոգով Վրաստանի հետ առկա համագործակցությունը խորացնելու մեր պատրաստակամությունը: Շահագրգռված ենք պահպանելու բարձր մակարդակի փոխայցերի ակտիվությունը, որը զարկերակի դեր է կատարում երկուստեք պայմանավորվածությունների կյանքի կոչման, ինչպես նաև նոր ծրագրեր նախանշելու համար։ Կարծում եմ բոլորի համար հասկանալի է՝ եթե այստեղ հայերի նկատմամբ լիներ ոչ բարյացակամ վերաբերմունք, ապա հայերը հաճույքով չէին գա Վրաստան»,- ասել է նա:

Նախագահ Սարգսյանի խոսքով անդրադարձ է արվել ընդլայնվող առևտրատնտեսական օրակարգին՝ առաջին հերթին կարևորելով ընթացիկ համագործակցության խորացումը այնպիսի նշանակալի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան և տրանսպորտը, այդ թվում նաև իհարկե մեր երկրների տարանցիկ կարողությունների և դրանց արդյունավետ օգտագործման հնարավորությունների զարգացումը: Նախագահները խոսել են նաև զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում նախանշված ծրագրերի իրականացման մասին՝ հաշվի առնելով այստեղ առկա մեծ ներուժը. 


«Մեր հանդիպման օրակարգում էին նաև համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը, և ես պարոն նախագահին ասացի, որ, իմ կարծիքով, վրացական կողմը պետք է օգտագործի Հայաստանի հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիների առկայությունը և իր արտադրանքը Եվրասիական տնտեսական միության շուկաներում վաճառելու համար: Այս առումով ցանկացած գրանցված ընկերություն Հայաստանում կարող է ուղղակի շատ օգտակար լինել: Հատկապես ուզում եմ շեշտել Իրանի սահմանին ստեղծված նոր ազատ տնտեսական գոտին, որը շատ մեծ հնարավորություն կտա նաև վրացական ապրանքներն ու ծառայություններն արտահանել մեկ այլ վճարունակ շուկա՝ Իրանի Իսլամական Հանրապետություն»:


Քննարկվել են նաև հարավկովկասյան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: ՀՀ նախագահի խոսքով, այս համատեքստում կարևորվել է միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և կառուցողական մոտեցումների պահպանումը.

«Մենք միակարծիք ենք, որ հակամարտությունների համապարփակ և երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում և միայն ու միայն բանակցությունների միջոցով»,- շեշտել է ՀՀ նախագահը:


Եզրափակելով իր խոսքը Սերժ Սարգսյանն ասել է, որ երկկողմ բոլոր բանակցությունների ընթացքում մշտապես ջանք են գործադրում ստանալ այնպիսի փաստաթղթեր, այնպիսի հայտարարություններ, բանաձևեր, որոնք որևէ կերպ չեն վնասում Վրաստանի շահերին և կարծիք հայտնել, որ և՛ հայկական կողմից, և՛ վրացական կողմից այսպիսի դիրքորոշման պահպանումը միայն ու միայն օգուտ կարող է բերել մեր ժողովուրդներին:


«Ուզում եմ մեկ անգամ ևս հայտարարել, որ մենք խորապես շահագրգռված ենք եղբայրական Վրաստանի հետ մեր հարաբերությունների զարգացման գործում և մշտապես լինելու ենք այդ տեսակետի կողմնակիցը»,- հավելել է նա:


Ավելի ուշ նախագահ Սերժ Սարգսյանի պատվին Վրաստանի նախագահի անունից պաշտոնական ընդունելության ժամանակ նախագահ Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Հայաստանն ու Վրաստանը միայն հարևաններ չեն, համագործակցության ավանդույթը հազարամյակների պատմություն ունի, և այն այսօր ևս հաջողությամբ զարգանում է: Մեր բարեկամության գաղտնիքը միայն Քարթլոսի և Հայոսի լեգենդար եղբայրությունը չէ: Նրա խոսքով` մեր մշակույթը, արվեստը, բանահյուսությունը, ավանդույթները միմյանց հետ փոխշաղկապված են, իսկ պատմությունը հագեցած է փոխսատարման օրինակներով և հենց դա է հնարավորություն տվել հաղթահարելու բազմաթիվ փորձություններ, միավորել է բազմաթիվ մարտահրավերիների դեմ և պահպանել տվել այն ինքնատիպությունը, ինչով այսչափ հպարտանում են մեր ժողովուրդները:


«Վրաստանը շատ է գնահատում և փայփայում այս բարեկամությունը: Մենք ուրախությամբ ենք հետևում Հայաստանի հաջողություններին»,- ասել է Վրաստանի նախագահը` օգտվելով առիթից շնորհավորելով Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման առիթով:


«Այստեղ կրկին ցանկանում եմ հավաստել, որ Վրաստանը միշտ կլինի տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության ակտիվ աջակցող: Մենք պատրաստ ենք և՛ այսօր, և՛ ապագայում մեր բարեկամների հետ կիսվել մեր եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման օգուտներով և այն հնարավորություններով, որ Վրաստանը ստեղծում է տարածաշրջանների և մայրցամաքների միջև համագործակցության առումով»,- շեշտել է նա:

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում 2018 թվականին չի պայթի. Լուկյանով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար