25.11.2024
Տնտեսական աճ 6 տոկոսից ավելին ենք ունենալու. Սերժ Սարգսյան
prev Նախորդ նորություն

Տարին հաջողված էր էներգետիկ ոլորտում ռազմավարական նշանակություն մի շարք ծրագրերով. նախարար

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի կարծիքով՝ 2017 թվականի ընթացքում հաջողվել է կյանքի կոչել էներգետիկայի ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր: Այս մասին ասված է նախարարի՝ էներգետիկների մասնագիտական տոնի առթիվ հղած ուղերձում:


Նա նշել է, որ ՌԴ կառավարության կողմից տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցներով և «Ռոսատոմ» կորպորացիայի մեր գործընկերների տեխնիկական աջակցությամբ ու անմիջական մասնակցությամբ մեկնարկեց հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը:

«Արդյունքում` ատոմակայանում մենք կունենանք անվտանգության ու հուսալիության աննախադեպ մակարդակ և արտադրական հզորությունների 10 տոկոսի ավելացում»,- նշել է նա:


Շարունակելով թվարկել, նախարարն ասել է, որ ԱՄՆ գործընկերների հետ հաջողվել է կյանքի կոչել դեռ խորհրդային տարիներին նախագծված 76 ՄՎտ նախագծային հզորությամբ «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը: Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում սկսվեցին նախագծային նախահաշվարկային աշխատանքները, ինչի արդյունքում կունենանք ևս մի հիդրոկայան, որն առավել լիարժեք կօգտագործի Դեբեդ գետի ջրային պաշարները:


Բացի այդ, ամերիկյան General Electric ընկերության հետ համատեղ սկսվեցին Երևանի ՋԷԿ-ի արդիականացման աշխատանքները: Արդյունքում` գործող էներգաբլոկի արտադրական հզորությունները կավելանան 7 ՄՎտ-ով, 1 տոկոսով կբարձրանա օգտակար գործողության գործակիցը, կնվազի վառելիքի տեսակարար ծախսը: Գերմանական զարգացման KfW բանկի ֆինանսավորմամբ եկող տարի կմեկնարկեն Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի և փոխակերպիչ կայանի շինարարության աշխատանքները: Իտալական «ՌԵՆԿՈ» ընկերության հետ համատեղ մեկնարկեց համակցված շոգեգազային ցիկլով Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցումը, որի ՕԳԳ-ն կհասնի մինչև 53 տոկոսի:


Բացի այս, ներկայացրել է նախարար Մանուկյանը, անցնող տարում շահագործման են հանձնվել արտադրական նշանակության առաջին երեք արևային կայանները, ընդհանուր առմամբ Հայաստանում տեղադրվել են 128 արևային ֆոտովոլտային կայաններ: Առաջին արտադրանքը թողարկեց արևային ֆոտովոլտային վահանակների Solaron գործարանը: Վերջիններիս արտադրական ծավալները թեև դեռ փոքր են, սակայն մեծ նշանակություն ունեն ապագայի համար: Հայաստանը ոչ միայն դուրս չմնաց տեխնոլոգիական առաջընթացից, այլև շատ երկրներից առաջ անցավ արևային տեխնոլոգիաների ներդրման և զարգացման գործընթացում:


«Սկսվեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման գործընթացը, ձևավորվեց ազատ շուկայի օպերատորը, հաստատվեցին ցանցային կանոնները և շուկայի ազատականացման քայլերի ժամանակացույցը: Հայաստանի էլեկտրական ցանցերում «Տաշիր» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ սկսվեց վերակառուցման և վերազինման ամենամասշտաբային ներդրումային ծրագիրը: Վերսկսվեցին և ընթանում են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ օդային գծի շինարարության աշխատանքները: Նշված ծրագրերի իրականացման արդյունքում մեր երկրում կփոխվի էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը. սեփական վերականգնվող աղբյուրներից արտադրվող էներգիայի տեսակարար կշիռը երկրի ներքին սպառման կառուցվածքում կհասնի 50 տոկոսի, գազային կայանների կողմից միավոր էլեկտրաէներգիայի արտադրության համար վառելիքի տեսակարար ծախսը կկրճատվի ավելի քան 20 տոկոսով, զգալիորեն կավելանա միջուկային էներգիայի տեսակարար կշիռը»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այս ամենը կնպաստի Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: Եվ որպես էլեկտրաէներգետիկական միջանցք Իրանի և Վրաստանի միջև կմեծանա Հայաստանի դերը՝ առնվազն 3 անգամ ավելացնելով էլեկտրաէներգիայի արտահանման ներուժը:


Հայաստանը նաև հետ չի մնում արևային և միջուկային տեխնոլոգիաների զարգացումից: Նախարարը վստահ է, որ դրանց կիրառումը մեր երկրում կհանգեցնի էներգետիկ անվտանգության որակական նոր մակարդակի:


«Անցնող տարում Հայաստանը դարձավ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նախագահող երկիր և, միաժամանակ, Էներգետիկ խարտիայի համաժողովի նախագահող երկրի հայտ ներկայացրեց: Մեր երկիրը մեկ անգամ ևս հավաստեց աշխարհին, որ հանձնառու է շարունակել ինչպես միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման, այնպես էլ «կանաչ էներգետիկայի» զարգացման, էներգաարդյունավետության և էներգախնայողության կատարելագործման իր իսկ հռչակած նպատակները»,- հավելել է Աշոտ Մանուկյանը: