24.11.2024
ԱՄՆ փոխնախագահը կոչ է անում չհավատալ Թրամփի ոչ հանրաճանաչության մասին վկայող հարցումներին
prev Նախորդ նորություն

Թրամփը սպառնում է զրկել ֆինանսական աջակցությունից Երուսաղեմի հարցում հակադրվող երկրներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է զրկել ֆինանսական աջակցությունից այն երկրներին, որոնք չեն կիսում ԱՄՆ դիրքորոշումը Երուսաղեմի կարգավիճակի հարցում:

Թրամփը սատարել է ՄԱԿ-ում ԱՄՆ լիազոր ներկայացուցիչ Նիկի Հեյլիին, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը «գրի կառնի այն երկրների ցանկը», որոնք կողմ կքվեարկեն ՄԱԿ ԳՎ բանաձևին, որի համաձայն Երուսաղեմի կարգավիճակը կարող է որոշվել միայն ուղիղ պաղեստինա-իսրայելյան բանակցությունների արդյունքում, գրում է Deutsche Welle-ն:

ԱՄՆ-ն վետո է դրել Երուսաղեմի կարգավիճակի մասին ՄԱԿ բանաձևի վրա, որով մերժվում էր ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու փաստը: Եգիպտոսի առաջարկած փաստաթղթի վերաբերյալ քվեարկությունը կայացել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում դեկտեմբերի 18-ին:

«Այդ երկրները վերցնում են մեր փողերն ու մեր դեմ են քվեարկում: Նրանք միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր դոլարներ են ստանում և դեմ են քվեարկում մեզ: Մենք բավականին կտնտեսենք: Մեր համար միևնույն է»,-ասել է Թրամփը:

Նիկի Հեյլին նամակներ է հղել ՄԱԿ անդամ 193 երկրից 180-ին՝ ակնարկելով, որ այդպիսին կարող է լինել ԱՄՆ պատասխանը քվեարկությանը: Թրամփը հավանություն է տվել նամակի բովանդակությանը:


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է որպես Իսրայելի մայրաքաղաք եւ հրահանգել է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։ Որոշմանը հաջորդեցին զանգվածային անկարգությունները, ցույցերն ու բախումները, իսկ երեկ Պաղեստինը հայտարարեց իսրայելա-պաղեստինյան երրորդ էստաֆադի` պատերազմի սկզբի մասին:


Աշխարհի բազմաթիվ երկրներ Թրամփին կոչ էին արել խուսափել նման հայտարարությունից, քանի որ այն կթեժացնի Արեւելքում լարվածությունը։ Նրա քայլի հետ կապված մտահոգություն են հայտնել նաեւ Եվրամիությունը, արաբական երկրները, Թուրքիան եւ Ռուսաստանը:


Իսրայելը Երուսաղեմն անվանում է իր մայրաքաղաքը, որը «միասնական և անբաժան է»: Խոսքը մաեւ քաղաքի արևելյան թաղամասերի և պատմական կենտրոնի մասին է, որոնք կես դար առաջ նա գրավել է Հորդանանից և ավելի ուշ բռնակցել:


Միջազգային հանրությունը չի ճանաչում անեքսիան և քաղաքի կարգավիճակը համարում է հակամարտության ամենակարևոր խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի Երուսաղեմի արևելյան հատվածին հավակնող պաղեստինցիների հետ պայմանավորվածության հիման վրա: