«Իսլամական պետության» պարագլուխը գտնվում է Սիրիայի ամերիկյան ռազմակայաններից մեկում
ԱՄՆ զինծառայողները գտել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին եւ տեղափոխել նրան Սիրիայի ամերիկյան ռազմակայաններից մեկը: Նման հայտարարությամբ հանդես է եկել թուրքական Yeni Şafak թերթը:
Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ Ալ-Բաղդադիին նախ ձերբակալել են Իրաքում, ինչից հետո տեղափոխել են Ռաս ալ-Այնի ամերիկյան բազա, այնուհետեւ՝ Հասեքա-Ռումեյլանի ամերիկյան ռազմաբազա: «ԻՊ» ղեկավարից բացի, զինվորականները Սիրիա են տեղափոխել նաեւ ծայրահեղական խմբավորման եւս 7 հրամանատարի: Նշվում է, որ նրանցից մեկը Իրաքի քաղաքացի էր, իսկ մնացած բոլորը ո՛չ Իրաքի, ո՛չ Սիրիայի քաղաքացիներ չեն:
Նշենք, որ նոյեմբերի 14-ին ԱՄՆ-ի ցամաքային զորքերի գնդապետ Ռայան Դիլոնը՝ Inherent Resolve օպերացիայի շտաբի պաշտոնական ներկայացուցիչը, հայտարարել էր, որ Պենտագոնը դեռ տեղեկություն չունի այն մասին, թե որտեղ է թաքնվում «Իսլամական պետության» պարագլուխը: