Կենսաթոշակային և սոցհիմնադրամների միջազգային ասոցիացիան կշարունակի գործակցությունը ՀՀ հետ
ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է «Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի» տնօրեն Եվգենի Ամետովին:
Ծառայության պետը բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակն ու այն որակել արդյունավետ:
Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են սեպտեմբերին Աստանա կատարած աշխատանքային այցն ու «Կենսաթոշակային համակարգերի ֆինանսական կայունություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի արդյունքները:
Հովհաննես Սահակյանն անդրադարձել է նաև 2018 թվականի աշնանը Հայաստանում կայանալիք միջազգային համաժողովի կազմակերպչական հարցերին և վստահեցրել, որ համաժողովի բարձր մակարդակի կազմակերպվածությունը երաշխավորված է:
Իր հերթին Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի տնօրենն ընդգծել է, որ Հայաստանն ամենակառուցողական գործընկերներից է և առկա սերտ փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել: