Հայաստանը աղքատության ճիրաններում. ամենից շատ տուժում են երեխաները
2016 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.4%, ինչը նշանակում է, որ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից 3-ը աղքատ է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցից:
Նշվում է, որ 2015 թվականի համեմատ աղքատության մակարդակը 0,4 տոկոսային կետով նվազել է: Անցած տարի աղքատների ընդհանուր թվաքանակը Հայաստանում կազմել է շուրջ 880 000 մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)՝ 295 000, ծայրահեղ աղքատները՝ 54 000:
Ամենից շատ աղքատությունից տուժում են երեխաները: Ըստ այդմ, 34.2 %-ը կամ Հայաստանի երեխաների ավելի քան 1/3-ն աղքատ է, ծայրահեղ աղքատ է երեխաների 2%-ը: Ամենից շատ աղքատության մակարդակը արձանագրվել է 15-17 տարեկան երեխաների շրջանում: Ինչպես նաև մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 44.6%-ը։
Նշենք, որ ամենօրյա գնաճին զուգահեռ իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում նման սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու համար: Մասնավորապես, 2018 թվականին նախատեսված չէ ո՛չ աշխատավարձերի, ո՛չ էլ կենսաթոշակների ու նպաստների բարձրացում: Մինչդեռ այսօր արդեն իսկ առկա գնաճը լինելու է շարունակական, ինչի մասին բարձրաձայնում է նաև Կենտրոնական բանկը՝ կանխատեսելով թանկացումների նոր ալիք: