Հայաստանը պետք է խորացնի իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում. Էդուարդ Շարմազանով
Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովում ևս մեկ անգամամրագրվեց, որ Հայաստանը պետք է խորացնի իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ռազմաքաղաքական առումով ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի: Անչափ կարևոր էր ՀԱՊԿ ընդունած հայտարարության Արցախի խնդրի կարգավորման հատվածը, ուր հստակ աջակցություն էր հայտնվում Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և կոչ արվում իրականացնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունը: Սա պաշտոնական Երևանի, մասնավորապես նախագահ Սարգսյանի դիվանագիտական հաջողությունն է»,- հայտարարեց նա:
Էդուարդ Շարմազանովի խոսքով անվտանգության հարցերը մնում են առանցքային Հայաստանի համար, և Արցախում տեղի ունեցած զորավարժությունները ցույց տվեցին, որ դիվանագիտական հաջողություններն ամրապնդվում են մարտունակ բանակով, անկոտրում ոգով:
«Այս ամենը գալիս է ապացուցելու, որ Հայաստանում անվտանգության ամրապնդումն ու առաջընթացն այլընտրանք չեն կարող ունենալ»,- շեշտեց նա։
Վերջին շաբաթների կարևոր քաղաքական իրադարձությունների թվին փոխխոսնակը դասեց նաև նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը՝ նշելով, որ այն նոր էջ է բացում հայ-եվրոպական օրակարգում:
«Վերահաստատելով բազմիցս հնչեցրած այն միտքը, որ այս հարաբերությունների առանցքը Հայաստանի հետևողական ժողովրդավարացման հարցերն են՝ հարկ եմ համարում նշել, որ այն կարող է արագացնել ինստիտուցիոնալ բարեփոխումները մեր երկրում: Ավելին, այս համաձայնագրով Հայաստանը կարող է կամուրջի դեր ստանձնել մի կողմից ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի, մյուս կողմից էլ Իրանի և ԵՄ-ի միջև»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։