22.11.2024
ՀՀ-ն կազատվի շահագործման ոչ ենթակա սպառազինության և ռազմատեխնիկայից ՆԱՏՕ-ի շնորհիվ
prev Նախորդ նորություն

Հայ-բելառուսական առևտրաշրջանառությունը գտնվում է ցածր մակարդակի վրա. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ Երևանում անցկացված միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքները կնպաստեն երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Կարևորելով հատկապես տնտեսական ոլորտում փոխգործակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ երկկողմ առևտրաշրջանառությունը գտնվում է ցածր մակարդակի վրա և ավելացրել, որ երկու երկրների կառավարություններն այժմ քննարկում են կոնկրետ քայլեր ու նախագծեր, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-բելառուսական տնտեսական կապերին:


Վարչապետը կարևորել է բելառուսական կապիտալի ներգրավումը Մեղրիի ազատ տնտեսական գոտի և հեռանկարային համարել բելառուսցի գործընկերների հետ համագործակցությամբ մեր երկրում գյուղտեխնիկայի, վերելակների արտադրության կազմակերպումը, գյուղմթերքների վերամշակման, տրանսպորտի և այլ ոլորտներում ծրագրերի իրականացումը: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է բելառուսական բիզնեսի համար ստեղծել առավելագույնս բարենպաստ պայմաններ:

Բոլեսլավ Պիրշտուկն արդյունավետ է գնահատել միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստի աշխատանքները և նշել, որ կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կգործեն տարբեր ոլորտներում և իրենց աշխատանքներով կփորձեն նպաստել հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանը: Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալը կարևորել է տնտեսական կապերի խթանումը և այդ առումով անհրաժեշտ համարել երկկողմ ուղիղ ավիաչվերթերի կազմակերպումն ու համատեղ ձեռնարկությունների ստեղծումը:


Բոլեսլավ Պիրշտուկը համոզմունք է հայտնել, որ երկու երկրներն ունեն համագործակցության զարգացման մեծ հնարավորություններ ու ներուժ: