ԼՂ հակամարտության կարգավորման միջոցը կողմերի բանակցային սեղանի շուրջ վերադարձն է. ԵԱՀԿ
Երկարատև ձգվող Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու միակ միջոցն այն է, որ կողմերն ազնիվ մտադրություններով վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:
«Երկարատև ձգվող հակամարտությունը կարգավորելու միակ միջոցն այն է, որ կողմերն ազնիվ մտադրություններով վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ: ԵԱՀԿ-ն հարթակ է տրամադրում երկխոսության համար և աջակցում է կողմերին երկարաժամկետ խաղաղության ձեռքբերման հարցում: Իսկ դրա համար անհրաժեշտ է իրական քաղաքական կամք և կողմերի հանձնառությունը: Միայն հակամարտության կողմերը կարող են հասնել խաղաղ կարգավորման: ԵԱՀԿ-ն չի կարող հակամարտության լուծում պարտադրել»,- ասել է նա՝ արձագանքելով հարցին, թե ինչպես է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վիճակը և ինչ քայլեր են անհրաժեշտ իրավիճակը բարելավելու համար:
Նա ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հոկտեմբերի 16-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը «ավելի քան մեկ տարվա ընթացքում այդ մակարդակով առաջին հանդիպումն էր»:
«Ես ողջունում եմ այն փաստը, որ նախագահները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման և շփման գծում լարվածության նվազման ուղղությամբ: Խիստ անհրաժեշտ է, որ կողմերը պահպանեն 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմը: Երեք համանախագահների ղեկավարությամբ գործող Մինսկի խումբը մնում է կողմերի համար միակ ճանաչված ձևաչափը: Այն վայելում է ԵԱՀԿ բոլոր անդամ-պետությունների կողմից լիարժեք վստահություն»,- ասել է Գրեմինգերը: Պաշտոնյան նաև հավելել է, որ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահն իր անձնական ներկայացուցչի միջոցով կողմերի հետ մշտապես կապի մեջ է լարվածության վերացնելու և բանակցային գործընթացն առաջ տանելու հարցում:
«Դիտորդական առաքելությունները, որոնք պարբերաբար անցկացնում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, շարունակում է մնալ ռազմական ոլորտում վստահության ամրապնդման միակ կայուն միջոց»: