ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. Ադրբեջանը չհաջողեց
Եվրոպական Խորհրդարանում տապալվել է ադրբեջանական խեղաթյուրումների մասշտաբային փորձը, որը նպատակ ուներ հերթական անգամ խաթարել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը, ինչպես նաև Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ ստվերել Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացումը: Այս մասին հայտնում է Armenpress-ը:
Ադրբեջանական կողմի ապակառուցողական քայլերը հնարավոր եղավ տապալել Բրյուսելում ՀՀ մշտական ներկայացուցչության, Բրյուսելում գործող հայ ազգային լոբբիստական կազմակերպությունների կողմից իրականացված նպատակային աշխատանքի շնորհիվ:
Նոյեմբերի 15-ին Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ բանաձև, որտեղ արդեն երկրորդ անգամ ուղղակի տեքստով ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ փաստորեն, կրկնելով 2017թ. հուլիսի 5-ի ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 72-րդ նստաշրջանի կապակցությամբ ընդունված բանաձևի նախադեպը, երբ Բրյուսելում ՀՀ մշտական ներկայացուցչության ջանքերով Եվրոպական Խորհրդարանն աննախադեպ կերպով առաջին անգամ ամրագրել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Այս բանաձևն իրենից մեծ կարևորություն է ներկայացնում, քանի որ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ այն սահմանում է համագործակցության ակնկալիքները, ինչպես նաև ուրվագծում է Արևելյան գործընկերության հետագա զարգացման տրամաբանությունը, ուստի զարմանալի չէր, որ ադրբեջանական կողմը, մեծ ջանքեր էր ներդրել բանաձևի հիմնական ուղերձը և դրա տրամաբանությունը խաթարելու համար:
Մասնավորապես՝ ադրբեջանական կողմն իրեն հատուկ «լանդրոմատային» մեթոդներով հասել էր նրան, որ բանաձևի նախագծին ներկայացվել էին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի և Հայաստանի դեմ ուղղված ավելի քան քսան լրացում, որոնք ի թիվս այլոց՝ ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, պարունակում էին այլ ադրբեջանամետ ձևակերպումներ, պահանջում էին փախստականների անվերապահ վերադարձ և այլն:
Այնուամենայնիվ, հայկական կողմի նպատակային գործունեության և եվրոպական կողմի սկզբունքային դիրքորոշման շնորհիվ ԵԽ լիագումար նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքում ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության նպատակային ու համառ աշխատանքի հնարավոր եղավ տապալել: