ՀՀ-ն ոչ միայն պահպանում է ազգային ավանդույթներն, այլև զարգացնում նոր սերնդի կրթությունը
Հայաստանը ոչ միայն պահպանում է իր ազգային ավանդույթներն, այլ նաև զարգացնում է նոր սերնդի կրթության ու դաստիարակության արդիական մշակույթը: Այդ մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ի թղթակիցը Երևան և Դիլիջան այցելելուց հետո:
Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Հայաստանից շատ բան կարելի է սովորել հումանիտար ոլորտում: Վերջին տարիներին այստեղ մի քանի խոշոր ծրագիր է իրականացվում կրթության ոլորտում, որոնց նպատակը խելացի երեխաներ դաստիարակելն է: Այդ նախագծերից մեկը Այբ դպրոցն է Երևանում, որտեղ երեխաներին սովորեցնում են մտածել ազատ ու անկաշկանդ՝ դրան է միտված նույնիսկ դպրոցի ճարտարապետությունը, որտեղ շատ են բաց տարածքները:
Նշվում է, որ մշակվել է ոսուցման նոր մոդել՝ Արարատյան բակալավրիատ, որը սկզբում Հայաստանում ճանաչվեց որպես այլընտրանքային դպրոցական ուսումնական ծրագրին, իսկ հետո որպես համարժեք լավագույն միջազգային ծրագրերին՝ Cambridge A Levels-ին և Advanced Placement-ին: Ավարտական վկայականը և գնահատականներն առանց լրացուցիչ քննությունների ճանաչվում են ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում:
«Քննություններ հանձնելով հայերեն լեզվով Հայաստանում, երեխաները կարող են ընդունվել աշխարհի լավագույն համալսարանները՝ ԱՄՆ-ում, Անգլիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Սինգապուրում»,- մեջբերում է թերթը դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանի խոսքերը:
Ըստ թերթի, ևս մեկ եզակի նախագիծ է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որն արտադասարանական համակարգի մաս է կազմում, որտեղ 12-18 տարեկան երեխաները սովորում են անիմացիա, վեբ դիզայն, խաղեր են մշակում ու կինո նկարահանում:
«Եվ այդ ամենն ըստ ցանկության և անվճար: Թումոյում վարպետության դասեր են տալիս Google-ի, Disney-ի և ոլորտի այլ առաջատարների մասնագետները: Ըստ էության, Հայաստանը զարգացնում է ապագայի մասնագիտությունների հանդեպ երիտասարդների հետաքրքրությունը, որոնք հենց ՏՏ զարգացման հետ են կապված լինելու: Հիմա հայերն առաջին արտասահմանյան Թումո կենտրոնն են բացում արտերկրում՝ Բեյրութում: Ինչպես հայտնել է Թումոյի փոխտնօրեն Արամ Գյումիշյանը, նման կենտրոն բացելու մտադրություն կա նաև Մոսկվայում, բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ»,- գրում է թերթը: