24.11.2024
ՀՀ-ն ոչ միայն պահպանում է ազգային ավանդույթներն, այլև զարգացնում նոր սերնդի կրթությունը
prev Նախորդ նորություն

Կտեղծվի «Գեոկոսմոս» ՓԲԸ՝ «Ռոսկոսմոս»-ի և այլ ընկերությունների հետ համագործակցության համար

Հայաստանի Հանրապետության կառավարության վաղվա նիստի օրակարգում է ներառված «Գեոկոսմոս» անվանումով փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման մասին որոշումը, որի նպատակն է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:


Համաձայն նիստի օրակարգի՝ հարցը զեկուցվող չէ: Նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ սեփականություն հանդիսացող և ՀՀ կառավարության 2017թ. մարտի 16-ի № 268-ԱԳ որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը ամրացված Երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայանի շահագործումը կարգավորելու անհրաժեշտությամբ:

Ընդունիչ կայանի ծրագրատեխնիկական համալիրի հնության պատճառով այն չի շահագործվում, աշխատունակ վիճակի բերելու համար անհրաժեշտ է կայանի արդիականացում և շահագործման կառավարման կարգավորում: Ընկերության կանոնադրական կապիտալից 300 087 340 ՀՀ դրամ նախատեսված է Ընդունիչ կայանի արդիականացման, շահագործման սկզբնական փուլի և տարածքի կապիտալ վերանորոգման համար: Ներկայացվող նախագծով Ընդունիչ կայանը ամրացվում է ստեղծվող ընկերությանը՝ շահագրգիռ գերատեսչություններին հավաստի տվյալներով ապահովելու հնարավորությամբ՝ մշակված տիեզերալուսանկարներ, ֆոտոփաստաթղթեր, թվային և անալոգային քարտեզներ, երկրատեղեկատվական տվյալներ և այլ:


Ակնկալվող արդյունք են նշվում Հայաստանի տարածքի ժամանակակից մեթոդներով քարտեզագրական աշխատանքները: 
 
Կայանի շահագործումը կնպաստի ՌԴ «Ռոսկոսմոս» և այլ տիեզերական գործունեությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ կապերի ամրապնդմանը և զարգացմանը: