ԱՄՆ-ն մտավախություն ունի «Հըզբոլլահի» հնարավոր ահաբեկչությունների հետ կապված
Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հետաքրքրված է ԱՄՆ տարածքում ահաբեկչությունների իրականացման հնարավորությամբ։ Նման կարծիք են հայտնել հակաահաբեկչական կառույցների ներկայացուցիչները Պետդեպում անցկացված ճեպազրույցում։
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Պետդեպը հայտնել է 12 մլն դոլարի չափով պարգևի սահմանման մասին։ Այն կտրամադրվի տեղեկատվության դիմաց, որը կօգնի գտնել, ձերբակալել կամ դատապարտել «Հըզբոլլահի» երկու առաջնորդներին։
Այդ գումարից 7 մլն դոլարը նախատեսված է Թալալ Համիայի գլխի համար, ով պատասխանատու է Լիբանանի սահմաններից դուրս ահաբեկչությունների իրականացման «Հըզբոլլահի» ստորաբաժանման համար։ Նա կասկածվում է ԱՄՆ քաղաքացիների առևանգումների և ամերիկյան օբյեկտների դեմ ահաբեկչությունների մեջ։
5 մլն դոլար կստանա նա, ով կմատնի Ֆուադ Շուքարին, ով պատասխանատու է Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» գործունեության համար։