24.11.2024
«Պատժամիջոցները վնաս կհասցնեն Թուրքիայի և Իրանի շահերին». Բարզանիի խորհրդական
prev Նախորդ նորություն

Էրդողանը Իրանի հետ համագործակցության է գնում ստիպված. իրանագետ

Արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունների փչացման, Սիրիայում ընթացող զարգացումների և, հատկապես, Իրաքի Քրդստանի տարածաշրջանում անցկացված հանրաքվեի խորապատկերին թուրք-իրանական որոշակի մերձեցումը չի կարողացել քանդել անվստահության այն պատնեշը, որն առկա է Մերձավոր Արևելքում մրցակցող այս երկու երկրների միջև: Նման տեսակետ ունի իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով, տարածաշրջանային որոշ խնդիրներում կողմերի դիրքորոշումների մերձեցման հենց սաղմնային փուլում, չնայած այն հանգամանքին, որ իրանական կողմը գրանցել է աննախադեպ հաջողություն ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ դուրս գալով թեկուզ և մասնակի ռազմական գործակցության մակարդակի, Թեհրանում պնդում են, որ առայժմ երկարաժամկետ լավատեսության որևէ հիմք չկա՝ պայմանավորված Թուրքիայի նախագահի անկանխատեսելի վարքագծով և դրանից բխող հաճախ անսպասելի ու հակասական որոշումներ կայացնելու հանգամանքով:

«Այս է պատճառը, որ իրանական արձագանքներում Թուրքիայի նախագահի Թեհրան կատարած վերջին մեկօրյա այցը, չնայած արդյունավետ է գնահատվում, սակայն չի մեկնաբանվում բարձր տոնայնությամբ, քանի որ հիմնավոր կասկածներ կան, որ թուրքական կողմն Իրանի հետ համագործակցության է գնում ստիպված՝ հաշվի առնելով ի դեմս Իրաքի Քրդստանի տարածաշրջանի, իր սահմանների ողջ երկայնքով վերջին դաշնակցի կորստյան և ողջ Մերձավոր Արևելքում իրանական ազդեցության աննախադեպ աճի ներկայիս իրականությունները»,-ընդգծում է Ոսկանյանը:


Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թեհրանում կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ Իրանը եւ Թուրքիան պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի թույլ չտան Իրաքի քրդական ինքնավարության անջատումը այնտեղ կայացած հանրաքվեից հետո: 


Իսկ Էրդոողանը Թեհրանում հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից հետո Անկարան պատժամիջոցներ կսահմանի Էրբիլի դեմ: Քիրկուկ-Ջեյհան խողովակաշարով նավթի պոմպամղման դադարեցումը հակազդման նման միջոցներից մեկն է և, ըստ թուրք առաջնորդի, Թուրքիան, Իրանը և Իրաքը որոշում կընդունեն քրդական նավթի արտահանումն արգելափակելու մասին։