24.11.2024
Իրանն ու Թուրքիան ձգտում են առևտրաշրջանառությունը հասցնել տարեկան 30 մլրդ դոլարի
prev Նախորդ նորություն

Համենեի. Իրանը և Թուրքիան պետք է թույլ չտան Իրաքի քրդական ինքնավարության անջատումը

Իրանը եւ Թուրքիան պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի թույլ չտան Իրաքի քրդական ինքնավարության անջատումը այնտեղ կայացած հանրաքվեից հետո: Այդ մասին, Al Sumaria հեռուստաալիքի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը:


Խամենեիի համոզմամբ՝ Իրաքյան Քուրդիստանում անցկացված հանրահարցումը ծառայել է «Վաշինգտոնի եւ Թել Ավիվի շահերին, որոնք ձգտում են նոր Իսրայել ստեղծել տարածաշրջանում»:


«Իրանը եւ Թուրքիան պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դիմակայելու դրան»,- ասել է նա:


Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 4-ին բանակցություններ է վարել նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Ռոուհանին, մասնավորապես, հայտարարել է, որ Իրանը եւ Թուրքիան թույլ չեն տա խախտել Իրաքի եւ Սիրիայի տարածքային ամբողջականությունը:


«Մենք հաստատում ենք Սիրիայի եւ Իրաքի տարածքային միասնությունը, մենք թույլ չենք տա վերաձեւել տարածաշրջանը»,- նշել է Ռոուհանին: Նա նաեւ ընդգծել է, որ «Իրանը եւ Թուրքիան ամեն կերպ կդիմակայեն ապաինտեգրացմանը Իրաքում եւ Սիրիայում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված հանրաքվեին անկախության օգտին քվեարկել են քաղաքացիների 92.73 տոկոսը: «Ոչ» է քվեարկել ընտրողների 7.2 տոկոսը: