«Պատժամիջոցները վնաս կհասցնեն Թուրքիայի և Իրանի շահերին». Բարզանիի խորհրդական
Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի խորհդական Սալիհ Մելեոմերը արձագանքել է Թուրքիայի և Իրանի այն հայտարարություններին, թե եթե Իրաքի քրդերը չչեղարկեն անկախության հանրաքվեն, ապա երկու երկրները կկիրառեն պատժամիջոցներ։ Միջանկյալ նշենք, որ Իրանը և Թուրքիան չեն ճանաչում իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեն։
«Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ ըստ քուրդ պաշտոնյայի, եթե պաշտոնական Թեհրանը և Անկարան կիրառեն պատժամիջոցներ Իրաքյան Քուրդիստանի նկատմամբ և փակեն սահմանային անցակետերը, ապա դրանով վնաս կհասցնեն նաև իրենց։
«Քուրդիստանը 25 տարի շարունակ Թուրքիայի, Իրանի և այլ երկրների հետ լավ հարաբերությունների մեջ է։ Առևտրատնտեսական ոլորոտում համագործակցում ենք։ Մենք ցանկանում ենք լավ հարաբերությունների մեջ լինել Թուրքիայի, Իրանի և մյուս երկրների հետ։ Եթե Թուրքիան և Իրանը սահմանային անցակետերը փակեն, դա կվնասի հենց իրենց շահերին։ Բաղդադը, Թեհրանը և Անկարան չպետք է Քուրդիստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեն։ Դա լուծում չէ։ Հարցերը լուծվելու են միայն բանակցությունների և երկխոսության միջոցով»,-ասել է Քուրդիստանի վարչապետի խորհրդականը։