25.11.2024
Ալիև. Ադրբեջանում տնտեսական ինտենսիվ աճը կսկսվի 2018թ.–ին
prev Նախորդ նորություն

Վրաստանի ՄԻՊ-ը կուսումնասիրի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձությունները

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստվում է Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրելուց հետո հանդես կգա հայտարարությամբ: jnews.ge-ի հաղորդմամբ այս մասին հայտարարել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին:

«Մենք պատրաստվում ենք ուսումնասիրել գործը, այդ թվում՝ թե գործընթացում որքանով էին պաշտպանված քաղաքացիների իրավունքները: Առաջիկայում խնդրի վերաբերյալ հայտարարություն կտարածենք: Որքանով ինձ է հայտնի, հավանական է, որ տեղի է ունեցել հանցագործություն»,- հայտարարել է Ուչա Նանուաշվիլին:

Օմբուդսմենի խոսքով, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստվում է ուսումնասիրել գործը և պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա բոլոր մանրամասներն ուսումնասիրելուց հետո:

Հիշեցնենք, սեպտեմբերի 30-ին Գումբուրդո գյուղի բնակիչները հավաքվել էին խաչքար տեղադրելու այն վայրում, որտեղ վերաթաղված են գյուղի բնակիչների նախնիների ոսկորները, որոնք հայտնաբերվել են X դարի եկեղեցու տարածքում վերականգնման աշխատանքների ժամանակ: Սակայն Ախալքալաքի ոստիկանությունը թույլ չի տվել, որ բնակիչները եկեղեցու բակ մտնեն՝ ասելով, որ իրենք նման հրաման չունեն: Մարդկանց և ոստիկաննների միջև տեղի է ունեցելբախում: Հատուկ ջոկատայինները բնակիչներին ցրելու համար օդ են կրակել, ստեղծվել է քաոսային իրավիճակ և մարդիկ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Վիրավորներ կան թե’ ոստիկանության, և թե՛ գյուղի բնակիչների շրջանում: