24.11.2024
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը Բրյուսելում կարևոր ձեռքբերումներից մեկը կարող է դառնալ. ԱԳՆ

Մեր շփումները, հանդիպումները, երկխոսությունները պարբերական բնույթ են կրում. Արտաքին գործերի նախարարությունում Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հաանիի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում այսպես ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ այս տարի արդեն 5 հինգ անգամ հանդիպել են:


«Այսօրվա այցելությունը ևս մեկ հնարավորություն է ընձեռում շարունակել մեր քննարկումները Երևանում»,- tert.am-ի հաղորդմամբ ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը սերտ հարաբերություններ ունի Եվրոպական Միության հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:


ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև նշեց, որ ԵՄ-ն նշանակալի աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ընթացող բարեփոխումներին, նպաստում մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության շարունակական խթանմանը, ժողովրդավարական ինստիտուտների առավել ամրապնդմանը և դատական համակարգի արդյունավետ կառավարման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող ջանքերին:


«Ես կցանկանայի հատուկ ընդգծել մեր համագործակցությունը նախորդ տարի ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հռչակագրի ոգուն համապատասխան վերջին երկու տարիների ընթացքում մեր համագործակցությունը կարևոր ձեռքբերումներ է գրանցել»,- ասաց նա՝ մատնանշելով, որ Հայաստանը միացավ «Հորիզոն 20-20»-ին, ավարտվեցին «Ստեղծագործ Եվրոպա»-ի շուրջ, ընդհանուր ավիացիոն գոտուն միանալու մասին բանակցությունները, ավարտվել է նաև Հայաստանի և Եվրամիության առաջնահերթությունների փաստաթղթի համաձայնեցումը:


Էդվարդ Նալբադյանը նշեց, որ ցանկանում է ընդգծել, որ արդեն նախաստորագրվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:


«Դրա ստորագրումը նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գագաթնաժողովի կարևոր ձեռքբերումներից մեկը կարող է դառնալ»,- ասաց նա՝ նշելով, որ Յոհանես Հաանի հետ հանդիպմանը բրյուսելյան գալիք գագաթնաժողովին համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների մասին քննարկումները կարևոր տեղ են զբաղեցրել:


Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց նաև, որ Եվրոպացի պաշտոնյայի քննարկել է տարածաշրջանային խնդիրները՝ մերձավորարևելյան իրավիճակը, զարգացումները Սիրիայում:


«Պարոն Հաանին ներկայացրի ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստման մասին: Պարոն Հաանը վերահաստատեց Եվրամիության անվերապահ և ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին»,-ասաց նա։


Իր հերթին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հաանը հայտարարել է, որ Եվրամիության շահերից է բխում Հարավային Կովկասում ունենալ ուժեղ և բարեկեցիկ Հայաստան, որը կնպաստի հարևանության հետագա կայունացմանը:


«Սա արդեն մեր վեցերորդ հանդիպումն է այս տարի և առաջինն է Երևանում։ Այսինքն՝ մենք իրար մի քանի անգամ հանդիպել ենք, ինչը նույնպես արտացոլում է այն սերտ կապերը, որ կարող ենք իսկապես ստեղծել Եվրամիության և Հայաստանի միջև: Իսկապես հաճելի է նորից ու նորից լսել գործողությունների այն երկար ցուցակի մասին, որոնք իրականացվում են և որոնցով Եվրամիության օժանդակությունը Հայաստանի հետագա զարգացմանն ավելի տեսանելի է դառնում»,- ասել է նա:


Նրա խոսքով՝ այդ կայունությամբ էլ կարելի է ասել, որ Եվրամիությունն ու Հայաստանը շուտով կստորագրեն համապարփակ և խորացված գործընկերության նոր համաձայնագիրը:


«Դա, ինչպես նաև գործընկերության գերակայությունները կամրապնդեն և կխորացնեն մեր համագործակցությունը»,-ասաց Յոհանես Հաանը՝ նկատելով, որ Արևելյան գործընկերության շրջանակում սա առաջին համաձայնագիրն է իր բնույթով, քանի Հայաստանը Արևելյան գործընկերության առաջին պետությունն է, որ գործընկերային գերակայություններ է հաստատում Եվրամիության հետ:


Նա հույս հայտնեց, որ սա օրինակ կծառայի նաև մյուս երկրների համար:


«Մենք շատ շահագրգիռ ենք՝ տեսնելու, թե ինչպես է այս համաձայնագիրն ի կատար ածվելու: Այս բեկումնային, նոր համաձայնագիրը կօգնի ցույց տալ, որ Հայաստանը, եվրասիական ինտեգրման գործընթացին մասնակից լինելով, միաժամանակ համապարփակ և ընդլայնված գործընկերություն է հաստատում Եվրամիության հետ: Սա է համաձայնագրի հիմքում ընկած գաղափարը»,-նշեց նա: