24.11.2024
Կառավարությունը 2018 թվականին 4.5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում
prev Նախորդ նորություն

Կռուպցիոն սկանդալի գլխավոր դեմքը՝ Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, ով Վանաձորի ՔԿՀ-ում իր պատիժն էր կրում, ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա նշել է, որ Խաչիկյանն ազատ է արձակվել պատժի լրիվ կրումով:


Նշենք, որ Վազգեն Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմբերի 8-ին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ 261 միլիոն ՀՀ դրամ գույքի բռնագրավմամբ։ Վազգեն Խաչիկյանին և Սոցիալական ապահովության պետական ծառայության մի շարք աշխատակիցների մեղադրանք էր առաջադրվել առ այն, որ վերջիններս 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների թոշակները։


Ըստ մեղադրանքի՝ Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29 միլիոն ՀՀ դրամ գումար:


Վազգեն Խաչիկյանը ՔԿՀ-ում անցկացրել է 5 տարի։ Նա ձերբակալվել էր 2012թ.-ին և 2014թ.-ին դատարանի վճռով դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման. նշենք, որ դատարանի վճռով սահմանված պատժաչափից հանվում է նախաքննության և դատաքննության ժամանակահատվածը։


Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ Խաչիկյանին ներում է շնորհել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:  Բայց թե ինչ իրավական հիմքով են ազատ արձակվել Խաչիկյանն ու նրա հետ դատապարտված այլ անձինք, Դավիթ Հարությունյանը չհստակեցրեց` ասելով, որ տեղյակ չէ, բայց նշեց, որ «ներում շնորհելու բացառիկ իրավունքը ՀՀ-ում պատկանում է երկրի նախագահին».


«Ներման ակտը կարող է լինել բազմապիսի, օրինակ պատժի կրման ժամկետը փոխարինել այսինչ ժամկետով կամ նվազեցնել ազատազրկման ժամանակահատվածը: Եթե որոշում է կայացվել նվազեցնել պատժի կրման ժամանակահատվածը, ապա անձի պատիժն արդեն համարվում է նվազեցված։ Ես ենթադրում եմ, որ խոսքը վերաբերում է այդ դեպքին»,- ասել է նախարարը։