Անիմաստ հիստերիա. ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել
Վերջին օրերին Հայաստանի սոցիալական ցանցերի տիրույթում թիվ մեկ քննարկման թեման է դարձել Հայաստանի դպրոցներում խորացված օտար լեզուների ու առանձին նաև ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգերի քննարկումը: Քննադատությունը հայտապես ուղղված է ռուսաց լեզվին՝ չգիտես ինչու, հանրության մի հատված հայեցակարգի մշակումն ու ընդունումը ընկալել է իբրև հայկական դպրոցների ռուսականացմանն ուղղված քայլ և իր դժգոհությունն է այս իմաստով արտահայտում:
Քննադատության արժանացավ նաև վարչապետը, շրջանառվեց, որ իր հանձնարարականով է ռուսերենի դասավանդման խորացումն ապահովվում: Վերջինս, սակայն, հերքեց այդ լուրերը.
«Ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական ես չեմ տվել: Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Կարեն Կարապետյանը ավելին թեմայի շուրջ չի խոսել՝ նշելով, որ նման օրով չէ, որ նման հարցեր պետք է քննարկվեն ու նաև հիշեցրել, որ խոստացել են հանդես գալ հաշվետվությամբ:
Հիշեցնենք, օրերս VERELQ-ը զրուցել էր ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի հետ, ով ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում ՀՀ Կրթության և գիտության նախարարության մշակած «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսերենի դասավանդման հայեցակարգ»: Դրանով, հիշեցնենք, նախատեսվում է իրականացնել ռուսաց լեզվի խորացված ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում: Խոսքը հատկապես ավագ դպրոցում մի շարք առարկաներից որոշ թեմաների հայերենին զուգահեռ դասավանդոման մասին է:
«Նախևառաջ ուզում եմ հատուկ նշել, որ այս հարցը պետք չէ քաղաքականացնել, քանզի հայեցակարգերը որևէ լեզվի որևէ կարգավիճակ ՀՀ-ում չեն տալիս: Այստեղ քաղաքական ենթատեքստեր փնտրել պետք չէ: Եվ ընդհանրապես՝ խոսքը միայն ռուսերենի մասին չէ և այս պահին ԿԳՆ-ն շրջանառության մեջ է դրել նաև առհասարակ օտար լեզուների դասավանդման հայեցակարգ ևս և այս երկու հայեցակարգերն էլ բացարձակապես կապ չունեն օտարալեզու դպրոցների հետ: Այս հայեցակարգերը բացարձակ չեն սահմանում, որ դպրոցները պետք է դառնան օտարալեզու, ընդամենը դրանցով կարգավորվելու է ռուսաց լեզվի և առհասարակ օտար լեզուների դասավանդման որակի բարձրացումը»,- ընդգծել էր նա: