Իրանը Թրամփից ներողություն է պահանջել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիրավորել է իրանցի ժողովրդին, ու նա պետք է ներողություն խնդրի։ Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակում լրագրողներին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով նախօրեին հնչած Թրամփի ելույթը։
Պատասխանելով այն հարցին, արդյոք նա կհանդիպի Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ, Ռոհանին ասել է, որ Իրանը ԱՄՆ-ի հետ մի քանի տարի բանակցել է, իսկ հիմա Վաշինգթոնը սպառնում է դուրս գալ իրանական միջուկային ծրագրի մասին հանաձայնագրի, ինչի կապակցությամբ ինքն այլեւս բանակցությունների համար որեւէ պատճառ չի տեսնում։ «Նախեւառաջ Թրամփը պետք է ներողություն խնդրի։ Երեկ նա վիրավորել է ամբողջ իրանցի ժողովրդին ու պետք է ներողություն խնդրի»,- նշել է Ռոհանին։
Նրա խոսքով՝ ցանկացած երկիր, որը կխախտի իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագիրը, կընտրի մեկուսացման ուղին, քանի որ դա երկկողմանի համաձայնագիր չէ ու այն վճռորոշ դեր է կատարում համաշխարհային ու տարածաշրջանային անվտանգության հարցում։ Համաձայնագրից դուրս գալը կլինի խայտառակություն, եթե ԱՄՆ-ն հրաժարվի դրանից, ապա ամերիկյան ժողովուրդը, ամբողջ աշխարհը չի աջակցի այդ քայլը։
Ռոհանին նշել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Իրանը համապատասխան քայլեր կձեռնարկի։ «Եթե ԱՄՆ-ն համարում է, որ համաձայնագրի խախտումը կավելացնի ճնշումն Իրանի վրա, նա սխալվում է։ Մենք իրադարձությունների տարբեր զարգացումների համար բազմաթիվ տարբերակներ ունենք»,- նշել է նա՝ շեշտելով, որ Իրանը չի համաձայնի նաեւ համաձայնագրի փոփոխություններին, ինչպես նաեւ որեւէ պայմանի, որպեսզի ԱՄՆ-ն դուրս չգա դրանից։