Այն ամենը, ինչ տեսնում եք Հայաստանի զարգացման մեջ, տվել է ԵԱՏՄ-ն: Իսկ մենք էլ ավելի ենք զարգացնելու մեր հարաբերությունները ԵԱՏՄ-ի ու աշխարհի տարբեր երկրների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչպես է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջնաժամկետը Թուրքիային հայ-թուրքական արձանագրությունների մասով: Ըստ Բաբլոյանի հանրապետության ղեկավարի այդ քայլը «շատ ճիշտ էր», քանի որ Հայաստանն ունի արժանապատվություն ու իր մոտեցումներն այդ հարցի շուրջ.
«Դա Թուրքիայի խնդիրն է՝ կարո՞ղ է մինչև ապրիլ լուծել արձանագրությունների հարցը, թե ոչ: Մենք ներկայացրել ենք մեր կարծիքը, մեր մոտեցումները աշխարհին»,- հավելեց նա:
Ելույթ ունենալով Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ, ԱԺ նախագահն անդրադարձավ նաև ղարաբաղյան հիմնախնդրին: Նրա խոսքով՝ Արցախը համահայկական երազանքի մարմնավորումն է:
«Առաջընթացի և զարգացման տարաբնույթ ծրագրերը չեն կարող իրականություն դառնալ խաղաղության և անվտանգության բացակայության պայմաններում: ՀՀ սահմանների անվտանգությունն ու խաղաղությունը անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգությունից: Այս պահին ուղղաթիռն ուղևորվում է Արցախ՝ տարբեր երկրներից պատգամավորներ տանելով այնտեղ: Որևէ բանակցություն, քննարկում կամ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամքից, Արցախի անվտանգության և խաղաղության գաղափարից»,- հայտարարեց նա:
Պաշտոնյան նշեց, որ կա գիտակցում այն բանի, թե ինչ մարտահրավերներ կան պետության առաջ՝ հատկապես հաշվի առնելով աշխարհագրական և տարածաշրջանային զարգացումները: Հայաստանը, ըստ նրա, ելնում է իր շահերից և նպատակներից, և աշխատում է դրանք պաշտպանելու ու առաջ մղելու ուղղությամբ, քանզի ոչ մեկ ավելի լավ չգիտի մեր կարիքները, ոչ մեկ ավելի շատ չի մտածելու այսօրվա և վաղվա մասին:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ չեն փորձում որևէ կազմակերպության կամ երկրի հետ հարաբերությունները հաստատել ի վնաս այլ կազմակերպությունների կամ երկրի: Հայաստանը, ըստ նրա, վստահության և հուսալիության բարձր վարկանիշ ունի՝ Եվրասիական տնտեսական միությունում, Եվրամիությունում, ամերիկյան կազմակերպություններում և բոլոր գործընկերների ՝ այդ թվում Իրանի, Չինաստանի հետ հարաբերություններում.
«Ես վստահ եմ, որ այս համաժողովը կնպաստի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացմանը»,- հավելել է նա: